Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Դավթյանը դուրս չի եկել «Սատանայի փաստաբանի» դերից. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է.
«Նախկին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր պաշտոնանկությունից հետո երկրորդ անգամ է, որ հրապարակային տեսակետներ է հայտնում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Եթե չենք սխալվում, առաջին անգամը 2024-ի մայիսին էր, երբ պարզվեց, որ նա ևս պահանջում է նիկոլփաշինյանի հրաժարականը՝ իր ստորագրությունը դնելով գիտության ոլորտի ներկայացուցիչների հայտարարության տակ։
Երբ հարցրին ինչու՞ է երկար ժամանակ լռությունից հետո հանկարծ հրաժարական պահանջում, ասաց, թե՝ Նիկոլը պիտի հրաժարական տա, քանի որ այս օրհասական իրավիճակում ոչ մի լուծում չի առաջարկում։ Հետաքրքիր է՝ հետահայաց գնահատականով՝ սա իրավա՞կան գնահատական էր, թե՞ բարոյական, թե՞ քաղաքական․․․
Ինչու՞ ենք տարանջատում՝ քանի որ նախօրեին լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տալով նա հատուկ առանձնացնում էր իրավական գնահատականը՝ քաղաքականից։ Մինչդեռ նախկինում նման տրյուկ չէր արել կարծես։
Նա պնդում էր, թե իր պաշտոնավարման օրոք չի եղել որեւէ իրավիճակ, երբ հատված լինեին կարմիր գծեր, որ եթե լինեին փաստեր Փաշինյանի կողմից քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու վերաբերյալ, ապա ընթացք կտար ու դա կաներ ամենայն «պատասխանատվությամբ ու ամենայն եռանդով», իսկ որպես արդարացում նշում, թե իր պաշտոնավարման օրոք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն չէր եղել։
Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել է, երբ Տավուշում սկսվել է սահմանազատման գործընթացը։ «Կհիշեք՝ Տավուշում սամահանազատման գործընթացն էր իրացվում եւ ինձ համար պարզ էր, որ մեր իշխանությունները համապատասխան ծրագիր, պլան չունեն ու գործում են ըստ անհրաժեշտության եւ ոչ մեր ազգային շահերին համահունչ»,- հայտարարել է Արթուր Դավթյանը։
Յա, իրո՞ք։ Արթուր Դավթյանն ասում է, թե իր պաշտոնավարման օրոք կարմիտ գծերի հատման կետ չի եղել, իր լիազորությունների իրականացման խոչընդոտ չի ունեցել։ Ասել կուզի՝ ակնհայտ հանցավոր դրսեւորումներին իրավական գնահատական չեն տվել, փոխարենը՝ քաղաքական հետապնդումներն իրականացրել է կամավոր։
Այսպես՝
• 2019թ մայիսի 20-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գործադիր իշխանության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ պարալիզացվեց դատարանների աշխատանքը՝ թույլ չտալով դատավորներին մուտք գործել դատարանի շենք ու իրականացնել իրենց սահմանադրական գործառույթը։Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցել դատարանների շրջափակման՝ բողոքելով, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, «հանդգնել» էր քաղաքական իշխանության քիմքին ոչ հարիր որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի գործով, այն է՝ փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը, որոշել դիմել ՍԴ՝ ներկայացված մեղադրանքի սահմանադրականության հարցով։
Եւ ի՞նչ, քրեական վարույթ հարուցվե՞ց գործադիրի կողմից իշխանության բաժանման սկզբունքը խախտելու եւ դատականիշխանության նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Իհարկե ոչ, փոխարենը ապօրինի քրեական հետապնդման ենթարկվեց դատավոր Դավիթ Գրիգորյանը, իսկ այն, որ հետապնդումը եղել է ապօրինի, հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով եւ շուրջ 6 տարի անց դատավորը վերականգնվել է իր աշխատանքում։
Ըստ Արթուր Դավթյանի՝ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելը հանցանք չէր, հետեւաբար », ինքն էլ իրավունք ուներ ապօրինի հետապնդում իրականացնել դատավորի նկատմամբ։ Չէ, որ այդպես էր պահանջում Փաշինյանի քաղաքական կամքը։
• 2020 թվականի նոյեմբեր։ Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսում մի շարք աղմկահարույց հայտարարություններ հնչեցրեց, համաձայն որոնց պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Գեներալի հայտարարություններից հետեւում էր, որ Փաշինյանի գործողությունները անդառնալի բացասական հետեւանքներ են ունեցել պատերազմի ելքի համար։
Եւ ի՞նչ, քրեական վարույթ հարուցվե՞ց, այո, բայց մեղադրանք ներկայացվեց գեներալին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար։ Այսինքն՝ Հակոբյանը չի կեղծել, միայն փաստեր է ներկայացրել, դրանք անհերքելի են, բայց Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու փոխարեն մեղադրեցին դրանց մասին բարձրաձայնողին։
• 2020 թվականի դեկտեմբեր։ Փաշինյանի հրահանգով զորքերը հետ քաշվեցին ու Շուռնուխի եւ Որոտանի մի շարք բնակիչներ զրկվեցին իրենց գույքից, քանզի դրանք Փաշինյանի բարի կամքի դրսեւորմամբ հանձնվեցին Ադրբեջանին, իսկ մինչ այդ արդեն իսկ զորքերը հանձնել էին մի շարք բարձունքներ, թեեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նշվում էր, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Եւ ի՞նչ, քրեական վարույթ հարուցվե՞ց տարածքային ամբողջականությունը խախտելու, Փաշինյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, լիազորություններն անցնելու դեպքի առթիվ։ Իհարկե, ոչ։
Այսօր Արթուր Դավթյանը հայտարարում է, թե Տավուշում սահմանազատման գործընթացի իրացման ժամանակ հասկացավ, որ իշխանությունները ազգային շահերին համահունչ չեն գործում։ Ասել կուզի՝ 2020 թվականին, երբ նա պաշտոնավարում էր և Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություն էր կատարում Սյունիքում և Գեղարքունիքում, մեր ազգային շահերին համահունչ էին։
Արթուր Դավթյանն այդ ժամանակ մի պաշտոնյա էր, որին օրենքով իսկ տրված էր Փաշինյանի ձեռքը բռնելու իրավունքը։
Չբռնեց, և նրա անփառունակ հեռացումը համընկավ ՀՀ սուվերեն տարածքի վրա 2022-ի սեպտեմբերին ադրբեջանի՝ մի քանի ուղղությամբ սանձազերծած պատերազմին։ Հեռացավ մեղքի ծանր բեռը շալակին։ Հայաստանի և Արցախի՝ հայկական զույգ հանրապետությունները կործանման տանելով, փաշինյանական բոլոր ազգադավ քայլերը պարտակելով, հովանավորելով և ըստ էության, դրանց վրա որպես գլխավոր դատախազ՝ իր կնիքը դնելով։ Ինչը նշանակում է՝ նա հավասարապես մեղավոր է, որքան՝ վարչապետի աթոռը զբաղեցնողը։ Գուցե ավելի մեղավոր է, քանի որ ինքը օրենքի և օրինականության թիվ մեկ պահապանի պաշտոնն զբաղեցնելով՝ ոչ միայն ապօրինություն կատարողի ձեռքը չբռնեց երբեք, այլև՝ բոլոր դեպքերում օրենքի և իրավունքի փոխարեն ընտրեց անօրինությունն ու անիրավությունը՝ հանցակից դառնալով պետության դեմ հանցագործություն կատարողին։
Այսքանից հետո հիշատակե՞լ, որ նույն ժամանակ, 2020 թվականի նոյեմբերին բացարձակ կեղծ մեղադրանքներով ձերբակալեց լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ու Արթուր Վանեցյանին՝ իբր փաշինյանի սպանությունը նախապատրաստելու համար․ այսինքն, իրավական մեխանիզմների միջոցով սատանայի փաստաբանն օգնության հասավ՝ ճնշելու քաղաքական բողոքի ալիքը․․․ Կամ , թե ի՞նչ քայլ ձեռնարկեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող Արթուր Դավթյանը, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց իրեն հրաժարական պարտադրելը փաստող ձայնագրության մասին։ Կարծում ենք կարիք չկա, ապօրինի հետապնդումները, որոնց օրինակները բազմաթիվ են, անհամեմատելի են հայրենիքի կորստի հետ։
Այն ժամանակ լռեց և մատը մատին չխփեց։
Այսօր էլ հրապարակային խոսքով հանդես էր գալիս՝ բացառապես փաշինյանական թիկունքը փրկելու համար՝ «ես քեզ, դու ինձ» տարբերակի առաջարկությամբ։ Բավ է, լռեք, մի խոսեք կարմիր գծերի մասին, դրանք վաղուց եք հատել, իսկ եթե մեղանչել եք՝ ներողություն խնդրեք, անկեղծ եղեք ու իրերը կոչեք իրենց անուններով, բացահայտեք հանցավոր շղթան։ Այլապես՝ տպավորություն է, որ գործում եք նույն գծի մեջ»։