Խաչիկ Մանուկյան. Գյուղացին բարիք է ստեղծում, օր ու գիշեր աշխատում է, չի կարողանում իր երեխայի հացն ապահովի, իսկ էն լրտեսախմբերը ծլում-ծաղկում են
Քաղաքական
15:59 30/10/2025
Հայաստան

Խաչիկ Մանուկյան. Գյուղացին բարիք է ստեղծում, օր ու գիշեր աշխատում է, չի կարողանում իր երեխայի հացն ապահովի, իսկ էն լրտեսախմբերը ծլում-ծաղկում են

«Իմ չքնաղ Վաղարշապատ համայնք, դուք ընտրություն եք կատարելու ոչ միայն ձեր, համայնքի համար, այլև համայն հայության ու պատմության համար»,-նախընտրական քարոզչության շրջանակում Վաղարշապատի Դաշտ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի  քաղաքապետի թեկնածու  առաջադրված Խաչիկ Մանուկյանը։



Համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է։

Համայնքի կազմի մեջ մտնող գյուղերում հանդիպումների ընթացքում Մանուկյանն ընդգծեց՝ իրենց նախընտրական ծրագրում մեծ տեղ են հատկացնելու գյուղատնտեսության ոլորտին, ապահովել համայնքներին ոլորտից հասկացող մասնագետներով, խորհրդատուներով, անհրաժեշտ ագրոտեխնիկայով։

«Եթե մարդը ներդրում է անում, դա պետք է արդյունք տա։ Գյուղացին պետք է տեսնի, որ իր գումարը չի փոշիանալու։ Ես գյուղերում տեսա, որ մարդիկ չեն կարողանում եկամուտ ստանալ ձմռանն ապրելու համար։ Ուրեմն ինչ-որ բան սխալ է գործում։ Գյուղացին բարիք է ստեղծում, օր ու գիշեր աշխատում է, չի կարողանում իր երեխայի հացն ապահովի, իսկ էն լրտեսախմբերը ծլում-ծաղկում են»,-ասաց Խաչիկ Մանուկյանը Դաշտում։

Դաշտում թեկնածուն չանտեսեց նաև դպրոցից վերադարձող փոքրիկներին։ Նրանց խնդրեց մի բանաստեղծություն ասմունքել։ Փոքրիկ Գայանեն արտասանեց Պ. Սևակի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը, ստացավ մրցանակ գիրք։ Խաչիկ Մանուկյանն էլ երեխաների համար արտասանեց իր գրած  բանաստեղծությունը՝ նվիրված Էջմիածնին։

Մանուկյանը եղավ նաև Շահումյան գյուղի մշակույթի տանը, որը գտնվում է անմխիթար վիճակում։ Նրա խոսքով, մշակույթի տների վերանորոգումը, հիմնանորոգումն իր առաջնահերթություններից է։

«Ես ասել եմ, որ առաջին հերթին պետք է կարողանանք վերականգնել ոգեղենությունը, քանի որ մշակույթի հետ առնչվելը շատ կարևոր եմ համարում։ Մարդը պետք է հաղորդակցվի արվեստի հետ, մենք պետք է կարողանանք կինադիտումներ կազմակերպել, մարդիկ պետք է ունենան հավաքատեղի իրար լսելու, խոսելու համար։ Ես ինչքան կարողանամ, պետք է ակտիվացնեմ այդ շփումները, քանի որ դրանց ընթացքում են ծնվում ճշմարտությունները»,-ասաց Մանուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խաչիկ Մանուկյան. Գյուղացին բարիք է ստեղծում, օր ու գիշեր աշխատում է, չի կարողանում իր երեխայի հացն ապահովի, իսկ էն լրտեսախմբերը ծլում-ծաղկում են