«Հրապարակ». Փաշինյանը ո՛չ ծրագրով հատկացվող գումարի չափն է հիշում, ո՛չ Կիրանցում կառուցվող տների թիվը
Օրվա մամուլ
08:35 31/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը ո՛չ ծրագրով հատկացվող գումարի չափն է հիշում, ո՛չ Կիրանցում կառուցվող տների թիվը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 25-ին Կիրանց այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հետ տարել էր նաև Հանրային խորհրդի անդամներին, որոնց, զբոսավարի նման, ներկայացնում էր, թե պետական աջակցությամբ, վարկային ծրագրով սահմանամերձ բնակավայրերում ինչեր են արել, խոսում էր տների կառուցման ծրագրով Կիրանցում արվող շինարարության մասին։

Ըստ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի՝ նա հայտարարել է.  «Կիրանցում եղել ա 97 տուն, հիմա 16 միլիոնի ծրագրով կառուցվում ա 54 տուն։ Կներեք, 21 միլիոն ա Կիրանցում, ոչ թե՝ 16։ Այսինքն՝ գյուղում իրա պատմության լավագույն պիկը եղել ա 97, հիմի մենակ կառավարության ֆինանսավորմամբ 54 տուն ա կառուցվում, այսինքն՝ գյուղը 50 տոկոսով հիմա աճում ա»։ Հանրային խորհրդի անդամներից մեկը հարցրել է, թե Կիրանցում կառուցված տները կբնակեցվե՞ն ընտանիքներով։ Փաշինյանը պատասխանել է. «Եթե ոչ բոլորը, մեծամասնությունը»։

Նա սխալվել է՝ պետական աջակցությամբ, վարկային ֆինանսավորմամբ սահմանագոտում տների կառուցման ծրագրով յուրաքանչյուրին 16 միլիոն դրամ չի հատկացվում, այլ հատկացվում է 17 միլիոն կամ 21 միլիոն դրամ։ 21 միլիոն դրամի հատկացման դեպքում կառուցած տունը հագեցվում է գույքով։ Փաշինյանը սխալվել է նաև Կիրանցում կառուցվող տների թվի հարցում։ Տավուշի մարզպետի աշխատակազմի տվյալներով՝ Կիրանցում այդ ծրագրով հաստատված է 53 առանձնատան կառուցում, որից ոչ մեկի շինարարությունն ավարտված չէ, ոչ մի տուն բնակեցված չէ։ Ըստ Կիրանցի բնակիչների՝ գյուղում կառուցվող այդ տներից 7-ը պատկանում է ոչ թե Կիրանցի, այլ՝ Հայաստանի այլ վայրերի բնակիչներին։ Կիրանցի բնակիչներն այդ տները կոչում են «բանկիրների տներ», քանզի դրանց տերերը տարբեր բանկերի պաշտոնյաներ են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder