Դատախազը միջնորդեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կալանքը երկարացվի 3 ամսով
Իրավունք
17:12 31/10/2025
Հայաստան

Դատախազը միջնորդեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կալանքը երկարացվի 3 ամսով

Երևանի քրեական դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի  հորեղբայր Արսեն Ղուկասյանի և անհայտ կորած զինծառայողների հարազատներից  Ափիջան Սարգսյանի գործով դատական նիստը։ 

Այս նիստում քննարկվում է Արսեն Ղուկասյանի խափանման միջոցի հարցը։ 

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։ 

Դատախազն ասաց, որ Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի իրավաչափության հիմքերը  շարունակում են պահպանվել, Արսեն Ղուկասյանի գործողությունները ուղղված են եղել իրավապահ մարմինների ուղղությամբ, այսինքն նշվածը բարձրացնում է  անձի հանրային վտանգավորությունն ու նոր հանցանք կատարելու ռիսկը, նաև մեծ են համարում ռիսկն այլ խափանման միջոցի պայմաններում վարույթ իրականացնող մարմնից խուսափելու հանգամանքը, այդ իսկ պատճառով կալանքի ժամկետն անհրաժեշտ է 3 ամիս ժամկետով երկարաձգել։ 

Տուժող կողմը դիրքորոշում չհայտնեց  խափանման միջոցի վերաբերյալ։ 

Ըստ մեղադրական եզրակացության. «Արսեն Միրզայի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրևանդի 5 հասցեում գտնվող, հասարակական վայր հանդիսացող ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքի հսկիչ անցագրային 3-րդ կետի դիմաց, Ապիջան Հմայակի Սարգսյանի և քրեական վարույթով դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ, խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, որը դրսևորվել է տևական ժամանակ՝ շուրջ 1 ժամ 30 րոպե, աղմկելով և հայհոյանքներ հնչեցնելով, վարչական համալիրի տարածքում ծառայություն իրականացնող անձանց և ՀՀ ՊՆ աշխատակիցների անդորրը խախտելով, խուլիգանական գործողությունները դադարեցնելու և իրենց աշխատանքը չխոչընդոտելու վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելով, վարչական համալիրի տարածքից որևէ անձի դուրս գալ ցանկանալու դեպքում վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու իրենց պատրաստակամության վերաբերյալ կոչերով, որպիսի գործողություններով խոչընդոտել են ՀՀ ՊՆ հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց բնականոն աշխատանքը: Բացի այդ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը արտահայտվել է նաև Արսեն Ղուկասյանի կողմից մահակի նմանվող առարկան ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ ցուցադրաբար թափահարելով, իսկ Ապիջան Սարգսյանի կողմից՝ իր ձեռքում գտնվող ջրով պլաստմասե շիշը նրանց ուղղությամբ նետելով»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազը միջնորդեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կալանքը երկարացվի 3 ամսով