Թուրք հետազոտողների կողմից Ծոփքից գտնված արամեատառ արձանագրություն կարևոր նշանակություն ունի Հին Հայաստանի մի շարք կարևոր հարցերի ուսումնասիրության համար. Բադալյան
Մշակույթ
16:44 01/11/2025
Հայաստան

Թուրք հետազոտողների կողմից Ծոփքից գտնված արամեատառ արձանագրություն կարևոր նշանակություն ունի Հին Հայաստանի մի շարք կարևոր հարցերի ուսումնասիրության համար. Բադալյան

Ուրարտագետ Միքայել Բադալյանը հայտնում է, որ դեռևս 2017 թվականին պատմական Հայաստանի Ծոփք նահանգի տարածքից հայտնաբերվել է երկկողմանի արամեատառ արձանագրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի Հին Հայաստանի մի շարք կարևոր հարցերի ուսումնասիրության համար։

«2017 թվականին թուրք հետազոտողների կողմից պատմական Հայաստանի Ծոփք նահանգի տարածքից հայտնաբերվել է երկկողմանի արամեատառ արձանագրություն: Այն գտնվել է Ռաբաթ ամրոցի տարածքից: Հետաքրքիր է, որ այդ ամրոցում առկա են մի շարք ժայռափոր դամբարաններ, ժայռափոր թունել, որոնք, ըստ երևույթին, թվագրվում են անտիկ ժամանակաշրջանով:

Համաձայն թուրք հետազոտողների թարգմանության՝ արձանագրության մի կողմում հիշատակվում է Միթրա… անձնաունը: Այդ անվան երկրորդ հատվածը հստակ չէ:

Իսկ արձանագրության հակառակ կողմում հաղորդբում է Երվանդի տան, ինչպես նաև՝ Արզախա անձնանվան մասին, ում հայրը հիշատակված է GLWN… ձևով:

Այս արձանագրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի Հին Հայաստանի մի շարք կարևոր հարցերի ուսումնասիրության համար: Սկզբնամասում Միթրա… ձևով հիշատակված դիցակիր անվան փաստը հուշում է, որ Ծոփքի տարածաշրջանում ևս կարող էր տարածված լինել Միթրա-Միհրի պաշտամունքը: Այս առումով, օրինակ հետաքրքիր է Վանա լճի շրջանից գտնված և այժմ անգլիական մի մասնավոր հավաքածուում պահվող դրամի արամեատառ գրությունը, որն առաջարկվել է ընթերցել որպես «Միհրդատ՝ արքա Տոսպի»: Այս փաստերը վկայում են Հին Հայաստանում Միհրի պաշտամունքի կարևորության մասին…

Նորահայտ արամեատառ արձանագրության հակառակ կողմում Երվանդի տուն հիշատակությունը փաստում է , որ Ծոփքը գտնվել է Երվանդուինենրի տիրապետության տակ: Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, հավանաբար Ծոփքի տեղի տարածքի կառավարիչ է եղել GLWN …ի որդի Արզախան, ում երկիրն էր MT-ն:

Ցավոք, արձանագրությունը և նշված մյուս կառույցների վերաբերյալ թուրք գործընկերների հոդվածը աչքի չի ընկնում հայկական աղբյուրների խորը հետազոտությամբ:

Տվյալ ժամանակաշրջանով զբաղվող մասնագետների համար այս արձանագրության համակողմանի ուսումնասիրությունը հետաքրքիր հեռանկարներ բացի: Գուցե հնարավոր լինի նույնականացնել, թե Ռաբաթը հայկական աղբյուրների, որ ամրոցը կարող է լինել:

Հուսանք, նաև որ մի օր մեր մյուս թուրք գործընկերները կհրատարակեն պատմական Հայաստանի Զեռնակի թեփե հնավայրում բացված տպավորիչ կառույցների վերաբերյալ աշխատություններ և այնտեղ հայտնաբերված արամեատառ արձանագրությունների տեքստերն ու դրանց ընթերցումները…»,- գրել է Միքայել Բադալյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder