Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական մշակութային ժառանգությունը կարելի է տեսնել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում
«Հայերի համար մշակույթը միշտ եղել է ինքնությունը սահմանող և դիմադրողականությունը ձևավորող ուժի աղբյուր: Մեր պատմության ընթացքում մենք և մեր ավանդն ենք ունեցել համաշխարհային մշակույթներում և սովորել ենք դրանցից»,- Սամարղանդում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքականության քննարկմանն ունեցած ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Նա իր ելույթում նշել է. «Հայկական մշակութային ժառանգությունը կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանում և հարևան երկրներում, այլև աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Հայկական մշակութային ներկայությունը տեսանելի է եկեղեցիներում, սրբավայրերում և այլ հուշարձաններում՝ Սինգապուրից, Դակկայից և Կալկաթայից մինչև Սպահան, Երուսաղեմ, Վենետիկ, Փարիզ և, իհարկե, Սամարղանդ՝ արտացոլելով Հայաստանի միջմշակութային երկխոսության երկարատև ավանդույթները:
Հայաստանը վերահաստատում է իր աներկբա աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զինված հակամարտություններից և բնական աղետներից տուժած տարածաշրջաններում, մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված գործողություններին։
Մենք հպարտ ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացրեք Մոսուլի ոգին» նախաձեռնության միջոցով Իրաքի վավերագրական ժառանգության վերականգնման գործում ունեցած մեր ավանդի համար և պատրաստ ենք մեր փորձով կիսվել այլուր։ Հայաստանը նաև իր ներդրումն է ունեցել «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության շրջանակներում՝ Լիբանանում իրականացվող նախագծերին աջակցելու նպատակով։ Մենք համագործակցում ենք Պաղեստինի Պետության հետ՝ Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, պաղեստինյան վտանգված մշակութային ժառանգության համար ժամանակավոր ապաստան տրամադրելու նպատակով։
Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Երևանում համատեղ կազմակերպեցին միջազգային ժողով՝ նվիրված նոր և զարգացող տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության պաշտպանությանը և վերականգնմանը: Այս համագործակցության հիման վրա այս տարվա նոյեմբերին մենք կկազմակերպենք «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ․ կոնվենցիայի 20-ամյակին նվիրված միջազգային համաժողով:
Մշակույթից զատ, Հայաստանը նաև ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զարգացման օրակարգում: Փոքր կղզի զարգացող պետությունների կարիքների հասցեագրումը շարունակում է մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի առաջնահերթություններից մեկը: Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փոքր կղզի զարգացող պետությունների բարեկամների խմբի համահիմնադիր և համանախագահ, Հայաստանի նախաձեռնությամբ Գործադիր խորհուրդն ընդունել է որոշում՝ հռչակելու ապրիլի 25-ը Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր:
Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնայնություն հանդիսացող Աֆրիկային: Հայաստանի դիվանագիտական դպրոցը կազմակերպում է մասնագիտացված դասընթացներ աֆրիկյան պետությունների դիվանագետների համար: Հայաստանը նաև նախատեսում է 30 կրթաթոշակ հատկացնել աֆրիկյան երկրների ուսանողների համար: Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի հավատը գլոբալ համերաշխության և կարողությունների զարգացման նկատմամբ՝ որպես ավելի արդար և ավելի ներառական բազմակողմանի համակարգի հասնելու ուղիներ:
Հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը կենսաբազմազանության պահպանման գործում՝ իր կրթական և հետազոտական ծրագրերի, բնական Համաշխարհային ժառանգության վայրերի ցանցերի, կենսոլորտային պահպանավայրերի և գլոբալ գեոպարկերի միջոցով, մենք ուրախ կլինենք COP17-ին նախապատրաստական գործընթացում համագործակցել Կազմակերպության հետ»։