Ավստրիայում մտցվել է թռչնագրիպի բարձր ռիսկի արտակարգ դրություն
Առողջություն
20:46 03/11/2025
Աշխարհ

Ավստրիայում մտցվել է թռչնագրիպի բարձր ռիսկի արտակարգ դրություն

Ավստրիան թռչնագրիպի առաջին դեպքերից հետո մտել է բարձր ռիսկի արտակարգ դրության մեջ, հաղորդում է ORF-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության համապատասխան հրամանին։

«Ավստրիայում թռչնագրիպի առաջին դեպքերից հետո երկուշաբթի օրվանից սկսած կմտցվի «բարձր ռիսկի» արտակարգ դրություն», - ՌԻԱ Նովոսիի փոխանցմամբ՝ նշվում է Ավստրիայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Միջոցառման նպատակն է «կանխել վայրի թռչունների և թռչնամսի շփումը, այդպիսով կանխելով թռչնագրիպի փոխանցումը տեղական ֆերմաներ»։

Իշխանությունները խորհուրդ են տալիս խստացնել սանիտարական միջոցառումները: Սակայն թռչուններին տանը պահելը պարտադիր չէ: Կանոնակարգերի համաձայն՝ թռչունները պետք է հնարավորության դեպքում պաշտպանված լինեն վայրի թռչունների հետ շփումից, օրինակ՝ ցանցեր օգտագործելով: Կենդանիներին կերակրելը և ջրելը պետք է տեղի ունենա տանը կամ ծածկի տակ:

Առաջարկվում է տրանսպորտային միջոցները, բեռնման տարածքները և սարքավորումները մաքրել և ախտահանել հատուկ զգուշությամբ։

«Մենք ներկայումս Ավստրիայում վայրի թռչունների շրջանում հայտնաբերել ենք H5N1 վարակի հինգ դեպք։ Հետևաբար, մենք կգործենք քայլ առ քայլ», - մեջբերվում է Ավստրիայի առողջապահության նախարարության սպառողների առողջության բաժնի ղեկավար Ուլրիխ Հերցոգի խոսքերը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բարձր ախտածնության թռչնագրիպի առաջին դեպքերը վայրի թռչունների մոտ գրանցվել են Ավստրիայի Կարինթիա երկրամասում այս տարվա սեպտեմբերի վերջին և Ստորին Ավստրիայում՝ հոկտեմբերի սկզբին։ Վերին Ավստրիայում թռչնագրիպ հայտնաբերվել է Էնս քաղաքում գտնվող չորս սատկած կարապների մոտ, ինչը հաստատել է նահանգի գյուղատնտեսական պալատը։ Իշխանությունները զգուշացնում են, որ հիվանդության նոր բռնկումներ կարող են տեղի ունենալ չվող թռչունների աշնանային միգրացիայի սկսվելուն զուգընթաց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder