«Յոլա գնալու» փուլի ավարտը. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական
10:07 03/11/2025
Հայաստան

«Յոլա գնալու» փուլի ավարտը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել. իշխանության որևէ քայլ չի բերում սոցիալական պոզիտիվի։ Բացարձակ ոչ մի քայլ չի բերում արդյունքի և հանրային մթնոլորտի դրական փոփոխության, հետևաբար՝  իշխանության վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։ Իշխանությունը սա հասկանում է և լուծումներ չի գտնում, բացի մարդ բռնելուց։ Մյուս կողմից էլ, իշխանության որևէ այլանդակություն չի բերում պոռթկման։ Ձևավորվել է ինչ-որ հանրային բալանս՝ «յոլա գնալու» ժամանակավոր ազգային կոնսենսուս։ 

Իրավիճակի մյուս առանձնահատկությունն այն է, որ հանրային կյանքում իշխանությունը նախաձեռնողականության բացարձակ մոնոպոլիստ է։ Պլանավորում, քիչ թե շատ երկարատև հաշվարկ այս պահին իշխանությունն է անում։ Բայց ստանալով «ինչ ուզում անում եմ» միջավայրը՝ թույլ է տալիս նաև կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալներ։ Այդպիսին է եկեղեցու դեմ արշավը։
 
Եկեղեցին, անշուշտ, հաղթելու է և դա անելու է իր վեհությամբ։ Հիմա այդ պրոցեսն է։ Պատահականությունների բոլոր ալիքները, ժամանակավոր դժվարություններն ու խելահեղությունները ջարդվելու են այդ վեհության առջև։ 
Բայց ժամանակն է, որ այդ վեհությունը անցնի նաև պետական կառույցներին, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտներին։ Այդ դեպքում կհաղթենք բոլորս։
Ինքներս մեր առաջ  ազնիվ լինելու դեպքում կընդունենք, որ մեր ողբերգական տապալումների հիմքում հենց վեհության պակասն էր, մեր մտածողության և վարքագծային  մանրությունը։
Արցախի և անվտանգության սուր խնդիրներ ունեցող պետության մեջ պետական մտածողությունը, տասնամյակների ընթացքում, այդքան ցածր մակարդակի չէր կարող լինել, չէին կարող այդքան մանր լինել պետական, քաղաքական և քաղաքացիական համակարգերի պատկերացումները։ 

Իհարկե, այս ամոթալի «յոլա գնալու» փուլն անվերջ չի ձգվելու։ Արագ վերականգնում կլինի այն պահից, երբ հասկանանք, որ  մեր պետությունը պետք է առաջ տանի խորքային պատկերացումներ ունեցող, սեփական փողից ու նյութական բարիքներից այս երկիր վեր տեսնող մարդկային որակը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder