Yerevan Fashion Week 2025․ արվեստ, ոճ և նոր մտածողություն մեկ հարթակում
Մշակույթ
15:28 03/11/2025
Հայաստան

Yerevan Fashion Week 2025․ արվեստ, ոճ և նոր մտածողություն մեկ հարթակում

Հոկտեմբերի 23-ից 26-ը Երևանը մի քանի օրով վերածվեց նորաձևության կենտրոնի։ «Yerevan Fashion Week 2025»-ը մեկ հարթակում համախմբեց հայ և միջազգային դիզայներներին՝ ներկայացնելով նոր հավաքածուներ, յուրօրինակ ոճեր և տպավորիչ գաղափարներ։ Այս տարի միջոցառումն անցկացվեց Meridian Expo & Event Center-ում՝ միավորելով ստեղծարարության, նորարարության և մշակութային ինքնության մասին խոսող նախագծեր։

Երեք հագեցած օրերի ընթացքում նորաձևության սիրահարները հնարավորություն ունեցան դիտելու ավելի քան 20 հավաքածու Հայաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից և Ռուսաստանից ժամանած դիզայներների կողմից։ «Yerevan Fashion Week»-ի նպատակն այս անգամ ևս մնաց անփոփոխ՝ զարգացնել հայկական նորաձևությունը և այն ճանաչելի դարձնել միջազգային հարթակներում։

Միջոցառման ծրագրում առանձնացավ Fashion Scout Armenia մրցույթը, որն արդեն երրորդ տարին կազմակերպվում էր միջազգային Fashion Scout հարթակի հետ համատեղ։ Այն դարձավ երիտասարդ դիզայներների ինքնադրսևորման հարթակ, իսկ հաղթողին շնորհվեց հնարավորություն մեկ ամիս վերապատրաստում անցնելու Իտալիայում՝ Polimoda ուսումնական ծրագրի շրջանակում, մասնակցելու Լոնդոնի նորաձևության շաբաթին և ստանալու Երևանի քաղաքապետի հատուկ մրցանակ՝ 1 միլիոն դրամի չափով։

Բացման օրը նշանավորվեց «Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» ցուցահանդեսով, որտեղ Մանուկ Ալեքսանյանը, Արմեն Երիցյանը և Վարդուհի Տոռոզյանը ներկայացրեցին հավաքածուներ՝ ներշնչված Հայաստանի ազգային պատկերասրահի կտավներից։

Բացի ցուցադրություններից, Fashion Expo ցուցահանդեսային հատվածը դարձավ միջոցառման առանցքային բաղադրիչ։ Այստեղ տարբեր բրենդեր ներկայացան տաղավարներով՝ բացահայտելով իրենց նորույթներն ու դիզայնի յուրահատկությունները։ Նրանց շարքում առանձնացան մի քանի տաղավարներ՝ Curious X, GAYA, FAINA, THEMIS, և LOOM Weaving, որոնք գրավեցին այցելուների ուշադրությունը ստեղծագործական մոտեցմամբ։

LOOM Weaving-ը նորաձևության շաբաթին բերեց հայկական ձեռագործության շունչը․ հին հյուսվածքային տեխնիկաները ներկայացված էին նոր ձևով՝ ընդգծելով տեղական արհեստների արժեքը ժամանակակից համատեքստում։

Հատուկ հետաքրքրություն էր առաջացրել Curious X հարթակը, որն ընդգծում էր արվեստի և նորաձևության հատման կետերը։ Գայայի և Գարեգինի համագործակցությամբ ձևավորված տաղավարը ներկայացնում էր այն գաղափարը, թե ինչպես կարելի է վերաիմաստավորել ավանդականը և ներկայացնել այն ժամանակակից դիտանկյունից՝ արվեստը վերածելով փորձառության։

GAYA-ի տաղավարը առանձնանում էր հեղինակային զարդերի և աքսեսուարների նուրբ հավաքածուով։ Յուրաքանչյուր նմուշ պատմում էր իր սեփական պատմությունը՝ միավորելով ավանդական հայոց ոճն ու ժամանակակից էլեգանտությունը։

Իսկ FAINA-ի տաղավարը համարձակ minimal aesthetics-ի արտահայտություն էր․ մաքուր գծեր, բնական կտորներ և հանգիստ գունային լուծումներ, որոնք ներկայացնում էին նորաձևության ժամանակակից հայացքը՝ առանց ավելորդ շքեղության։

Այս տարվա Yerevan Fashion Week-ը դարձավ ոչ միայն նորաձևության, այլև մշակութային երկխոսության հարթակ՝ ներկայացնելով հայ դիզայներների ներուժը և նրանց տեղը միջազգային դաշտում։ Միջոցառումը լուսաբանվեց հայտնի միջազգային մեդիա հարթակների՝ Vogue, Elle, Harper’s Bazaar, BBC, Le Mile և այլոց կողմից՝ հաստատելով, որ հայկական նորաձևությունն արդեն հնչում է համաշխարհային ասպարեզում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Yerevan Fashion Week 2025․ արվեստ, ոճ և նոր մտածողություն մեկ հարթակում