Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ինձ ցույց տվեցին մի թուղթ, որտեղ կեղծել էին իմ տեղակալի ստորագրությունը. Մարտին Գալստյան
«Գնաճի վերջին որոշակի աճը՝ 3.7% է այս պահի դրությամբ, հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոններով»,-հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց,որ ԿԲ-ները սովորաբար զերծ են մնում գնաճի վրա ազդող առաջարկի գործոնին արձագանքելուց, որովհետև հիմնական գործառույթը պահանջարկի բաղադրիչով պայմանավորված գնաճի կառավարումն է։
«Մենք չենք ասում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կիջնի 6.25% կամ 6.5%։ Այն շուկայի ակնկալիքն է, բայց մենք, իմ նշած գործոններով պայմանավորված, համակարծիք չենք իրենց հետ»,-ասաց ԿԲ նախագահը:
Գալստյանը նշեց, որ սպառողական վարկերը ընդհանուր վարկերի 22 %-ն են, այսինքն այդ վարկատեսակներն իրենց բնույթով մեծ չեն և ռիսկային էլ չեն։
«Օգոստոսից հետո մենք տեսնում ենք, որ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, իսկ այն նույնպես մեր գործողությունների արդյունք է, քանի որ մենք պարտքի պահուստավորման նորմ ենք փոխել և բանկերի համար ապահովել ենք մոտ 180 մլրդ դրամի ավելցուկ։ Դրա արդյունքում եկամտաբերության կորի միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածը մոտ 50-60 բազիսային կետով նվազել է»,-ասաց ԿԲ նախագահը։
Գստյանն ասաց, որ վարկերի մարժան մոտ 9 %-ը և բարձր չէ։
«Մենք նայում ենք, որ միջին սպառողական վարկը 20 %-ից ցածր է։ Հայաստանում տոկոսադրույքներն ավելի բարձր չեն քան տարածաշրջանում»,- ասաց ԿԲ նախագահը՝ նշելով որ զրուցել է Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի գործընկերների հետ և պարզել, որ ՌԴ-ում վերաֆինանսավարման տոկոսադրույքը 16 է իսկ Վրաստանում սպառողական վարկերը 30 %-ի չափով են։
Պատասխանելով բանկային զեղծարարությունների դեպքերի չնվազելու մասին հարցին՝ ԿԲ նախագահն ասաց. «7 տրիլիոնի վարկային պորտֆելի մեջ մենք ունենք զեղծարարության ինչ-որ դեպքեր։ Բնականաբար, չեն կարող չլինել նման դեպքեր»։
Գալստյանը նշեց, որ զեղծարարության դեպքեր բոլոր երկրներում էլ կան, իսկ ՀՀ ԿԲ-ի խնդիրը դրանց թիվը նվազագույնի հասցնելն է։
«Այսօր ինձ ցույց տվեցին մի թուղթ, որտեղ կեղծել էին իմ տեղակալի ստորագրությունը՝ ռուսերենով։ Իհարկե, նա նման ստորագրություն չունի, անուն-ազգանունը գրել էր ռուսերենով և ռուսերեն ստորագրություն են գրել և դրել էին ինչ-որ սոցիալական ապահովության հիմնադրամի կնիք»,-ասաց Մարտին Գալստյանը։