Կարևոր հարց է. Տեր Տարոնը՝ Կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի պահանջի մասին
Հասարակություն
16:21 04/11/2025
Հայաստան

Կարևոր հարց է. Տեր Տարոնը՝ Կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի պահանջի մասին

«Ես այսօր եկա Մայր Աթոռ՝  ներկայանալու կարգապահական հանձնախմբին։ Ես ասացի, որ հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ քննելու իմ անձնական հարցերը, առավել ևս իմ ծառայական, ինձ հետ կապված որևէ քրիստոնական հարց, քանի որ պատշաճ չեմ համարում՝ տեսնելով, թե ովքեր են հանձնախմբի անդամները»,-  Մայր Աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց  Տեր Տարոն քահանա Հունանյանը, ով իր աջակցությունն է հայտնել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին։

Նա նշեց, որ ինքը խնդրել է՝  հանձնխումբը նախ քննի  իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա իրեն վերաբերող հարցերին։

«Քանի դեռ կարգապահական հանձնախմբում այս կազմն է, ես չեմ գա»,- ասաց Տեր Տարոնը։ 

Հարցին՝ ինչո՞ւ է հրաժարվել մինչև կարգապահական հանձնախմբի նիստին բարձրանալը թողնել հեռախոսը, նա ասաց. «Ինչո՞ւ պետք է թողնեմ, ինչո՞ւ է ինձնից պահանջվում նման փոքր, ցածր բաներ։ Ես չեմ կարծում, որ հոգևորականը հոգևորականի հետ խոսելու համար պետք է պահանջել հեռախոսն ինչ-որ տեղ թողնել։ Դա ինձ համար աբսուրդ է»։ 

Հարցին՝ արդյո՞ք պետք է Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա, նա պատասխանեց. «Հայ եկեղեցում ամեն մի մարդ, ով հոգևոր չէ, պետք է հեռանա։ Ես չեմ ուզում անուններ տալ, ժողովուրդը կարող է գնահատել»։

Լրագրողի  հարցին՝ իշխանություն-եկեղեցի  հեռակա բանավեճի լուծումը ինչպե՞ս է տեսնում, Նիկոլ Փաշինյանը պահանջում է Կաթողիկոսի հեռացումը, կիսո՞ւմ է այս մոտեցումը, թե՞ ոչ, Տեր Տարոնն ասաց. «Կարևոր հարց է, որին, թերևս, ավելի ուշ կանդրադառնամ»։ 

Տեր Տարոնը նաև ասաց, որ ինքը Հովհաննավանքում հնչեցրել է իր հայացքները։ Նա նշեց, որ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը (մինչև կարգալույծ լինելը՝ Տեր Արամ) իր ընկերն է, միասին մի քանի տարի ճեմարանում սենյակակից են եղել, իրենց մտքերը վաղուց են հատվում իրար հետ։ 

Ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք  նոյեմբերի 9-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելիք պատարագին կմասնակից, նա ասաց, որ  դա դեռ կորոշի։

Հարցին՝ կմասնակից Նիկոլ Փաշինյանի հրավիրած հոգևոր հավատին, երբ որ կայանա, նա ասաց. «Կգա ժամանակը, կորոշեմ, դեռ չեմ որոշել»։ 

Հարցին՝ որևէ բան խոստացե՞լ են իրեն եկեղեցու դեմ դուրս գալու համար, Տեր Տարոնն ասաց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով»։

Հարցին՝ Ռուսաստանում տաքսի վարե՞լ է, Տեր Տարոնը պատասխանեց. «Անձնական հարցերի չանդրադառնանք»։ 

Հիշեցնենք՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նախօրեին ասել էր, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի կարգապահական հարցերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։

Հիշեցնենք, Տեր Թադե քահանա Թախմազյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե «միանում եմ Տեր Արամի արդար ձայնին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարևոր հարց է. Տեր Տարոնը՝ Կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի պահանջի մասին