«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը
Օրվա մամուլ
08:48 05/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը՝ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Դավիթ Ախտոյանից, ինչին ի պատասխան վերջինս հաստատեց, որ կրկին հրավիրվել է ու հարցաքննվել: Նա ամփոփեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, քննությունը ամեն ինչ կպարզի, և այլ բան չի կարող հայտնել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը դաժանաբար սպանվեցին երկու հոգի՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

Այս սպանությունը խոր արմատներ ունի. ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Ախտոյանների և Գրիգորյանների հակասություններին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների՝ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը միայն խորացել է՝ հասնելով իր գագաթնակետին։

Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է (ՔՊ-ական), իսկ եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ։ Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը ևս կապված էր նույն լարվածության հետ։ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետևել էր տեսախցիկներով՝ անգամ տեսանկարահանելով կատարվողը, թե ինչպես էին իր և Գրիգորյանի կողմնակիցները միմյանց ծեծում։ Այդ միջադեպի հետևանքով սպանվեց Մհեր Ախտոյանի հարազատի որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք։

Նկատենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ Մհեր Ախտոյանը Հայաստանից հեռացել է: Ավելին՝ նրան անձամբ օդանավակայան է տարել ու ճանապարհել Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը. այս ամենը կասկածներն ավելի է խորացնում։

Չնայած Մերձավանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե հենց ՔՊ-ական Մհեր Ախտոյանը կարող էր լինել Վալոդյա Գրիգորյանի սպանության ենթադրյալ պատվիրատուն, քանի որ նա է իր շրջապատում մշտապես «տաք պահել» վրեժի թեման։ Սակայն իրավապահները այս հարցում դեռ լուռ են, քանի որ Մհեր Ախտոյանը Հայաստանում չէ։

Եթե ամփոփենք, պետք է շեշտել, որ բախումները, ըստ էության, տեղի են ունենում երկու քաղաքականացված խմբավորումների միջև. Մհեր Ախտոյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Վալոդյա Գրիգորյանը առաջադրված էր «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների կողմից՝ ներկայացնելով ընդդիմադիր դաշտը։ Սա վենդետայի վարկածին տալիս է ակնհայտ քաղաքական հնչեղություն և նշանակություն։

Հավելենք, որ սպանությունից անցել է գրեթե 1,5 ամիս, սակայն իրավապահների հորդորով Մերձավանը լքել են և մինչ օրս համայնքում չեն ապրում գործով մեղադրյալների հարազատներ և Ախտոյանները, իսկ Մերձավանը շարունակում է մնալ իրավապահների հսկողության տակ՝ հնարավոր վենդետան կանխելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder