Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկրորդ դատավորը մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ, որտեղ քննարկվեց հանրայն մեղադրողի կողմից որպես խափանման միջոց նաև բացակայելու արգելք կիրառելու մասին միջնորդությունը։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ, քանի որ կարող է առնչվել վարույթի մասնակցի մասնավոր կյանքի հետ կապված խնդիրներին։
Նիստից հետո փաստաբանն ասաց, որ դատարանը մերժեց հանրային մեղադրողների ներկայացրած միջնորդությունը։
«Դատարանն այս կազմով նույնպես գտավ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ևս մեկ դատական նիստ էր կայացել։ Այս դեպքում էլ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ նիստին քննարկվեց հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց նաև բացակայելու արգելք կիրառելու մասին միջնորդությունը։ Դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։
Այդ նիստից հետո լրագրողի այն հարցին, որ, ըստ դատախազության, օպերատիվ տվյալներ են ստացել, որ պատրաստվում է լքել Հայաստանը և չվերադառնալ, այդ իսկ պատճառով են հրատապ նիստեր հրավիրվում՝ քննարկելու խափանման միջոցի հարցը, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել էր. «Ձեզ թվում է՝ ես նման եմ մարդու, ով կարող է փախչել։ Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախչեմ։ Նույնիսկ եթե վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ։ Իմ երկիրն է, ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ»։