Իշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ «արխիվային» գործ թարմացրեց, նրա ազատ տեղաշարժը` երկրից ելքի տեսքով, սահմանափակվեց. Աբրահամյան
Քաղաքական
17:06 06/11/2025
Հայաստան

Իշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ «արխիվային» գործ թարմացրեց, նրա ազատ տեղաշարժը` երկրից ելքի տեսքով, սահմանափակվեց. Աբրահամյան

«Սերժ Սարգսյանի դեմ իշխանության 2-օրյա գրոհների` քաղաքական իշխանության, քննչականի, դատախազության «ճակատամարտների» հետևանքով, 3-րդ նախագահի դեմ «արխիվային» գործ թարմացվեց, իսկ նրա ազատ տեղաշարժը` երկրից ելքի տեսքով, սահմանափակվեց»,- հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա նշում է, որ, նոր մեղադրանքի հիմքում դեռևս 2019 թվականին, այսպես կոչված, պարզաբանված հարց էր, իսկ գործով ցուցմունք տվողը դեռ նախաքննության փուլում էր հրաժարվել դրանից, այն համարելով թարգմանչական` իր կողմից տեխնիկական խնդիր:

«Լսարանին տեսարաններ մատուցելու և տարիների ընթացքում նախագահ Սարգսյանին ուղղված զրպարտություններն ու կեղծ մեղադրանքներն ինչ-որ կերպ քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում, որն իրավական առումով նոր վախճանն է ունենալու, ինչ մյուս գործերը»,- գրում է  Աբրահամյանը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ փաստաբան Ամրամ Մակինյանն էր հայտնել, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է հակակոռուպցիոն կոմիտե։

Նա մասնավորապես գրել էր. «Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն: Ինչու «հանկարծ», քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերյուրանքին, որ Նախագահը կարող է դիմել փախուստի:

Ինչ եղավ ժամեր անց… երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ երրորդ Նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին` կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել» :

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ «արխիվային» գործ թարմացրեց, նրա ազատ տեղաշարժը` երկրից ելքի տեսքով, սահմանափակվեց. Աբրահամյան