Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հովհաննավանքի տարածքում մշտապես ոստիկաններ կան, կարգալույծ քահանային աջակցող խումբը, մարդիկ դժգոհում են՝ մտնում են եկեղեցի, հետևներից գնում են. Տեր Սարգիս
Տեր Սարգիս քահանա Սարգսյանն արդեն մեկ շաբաթ է չի գնում Հովհաննավանք։ Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են, որ հենց Տեր Սարգիսը կատարի իրենց արարողությունը, ծեսը, տեղափոխում են այլ եկեղեցիներ։
«Այն օրվանից, երբ Մայր Աթոռը հայտարարեց, որ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման, այլևս չեմ գնացել։ Այնտեղ ոչինչ չի փոխվել՝ եկեղեցու, տարածքի 24-ժամյա ոստիկանական պահպանություն է, բանալին էլ իրենց մոտ է՝ առավոտյան բացում են դուռը, երեկոյան՝ փակում։ Ոչ ես եմ գնում, ոչ Տեր Մանուկը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հովաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
Տեր Սարգիսն ասաց, որ հետաքրքրվել է, հարցրել է ու պարզել, որ հատուկենտ մարդիկ են գնում Հովհաննավանք, աղոթք անում ու դուրս գալիս, մեծամասամբ հրաժարվում են պսակադրության, մկրտության արարողություններ կատարել Հովհաննավանքում։
«Մեր պատարագների մշտական մասնակիցներից մեկը զայրացած գրառում էր արել, որ գնացել էր Հովհաննավանք, այնտեղ ոստիկաններ էին, կարգալույծ քահանային աջակցող խումբը, մտնում ես եկեղեցի, հետևիցդ գալիս են, քիչ հեռավարության վրա կանգնում։
Տհաճ իրավիճակ է»։
Բացի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանից, այլ հոգևորական չկա Հովհաննավանքում։ Տեր Սարգիսն ասաց, որ մեկ-մեկ Ստեփան Ասատրյանին տեսնում են Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի հետ, օրերս միասին «ժամերգություն» էին արել, տեսանյութ հրապարակել։
Նշենք, որ Արագածոտնի թեմի որևէ եկեղեցում ամեն հինգշաբթի միասնական ժամերգություն և միասնական աղոթք է կատարվում։

Տեր Սարգիս ասաց, որ իրենց թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հանիրավի կալանավորումից, իրենց թեմում կատարվածից հետո միասնական ժամերգություն և միասնական աղոթք են կատարում՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, ինչպես նաև Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, ամենքի համար։
Նախօրեին Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում է կատարվել միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում:





