Քրեական ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած միջազգային հետախուզվողին
Իրավունք
18:23 08/11/2025
Հայաստան

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած միջազգային հետախուզվողին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում:

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին` Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում:

Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ, ձեռնամուխ եղան հետախուզվողին հայտնաբերելու գործին: Պարզվեց հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը, և որոնողական աշխատանքներին ներգրավվեցին նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:

Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվեց և ձերբակալվեց: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին և Դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder