Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական իշխանության ղեկավարը հրապարակայնորեն արդարացնում է ընդհուպ դատական համակարգի վրա իր ազդեցությունը. նախկին գլխավոր դատախազ
«Արդարադատության համակարգը պետական ինստիտուտների մեջ, հատկապես պետականության կայացման գործում, առանձնանահատուկ դեր ունի»,- «Արդարադատության համակարգի բարեփոխումները» թեմայով քննարկմանն ասաց նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Ըստ նրա, քաղաքական փոփոխութունների արդյունքում շատ լեգիտիմ է ու անհրաժեշտ է, որպեսզի հանրային կյանքում տեղի ունենան փոփոխություններ։ Ա. Դավթյանը նշեց, որ յուրաքանչյուր այդպիսի նորարարություն, ձեռնարկ պետք է ունենա կարմիր գծեր, սահմաններ, այդ կաղապարները սահմանվում են իրավունքով, իսկ ո՞վ է իրավունքի պատվարը, պահապանը՝ արդարադատության համակարգը։
«35-ամյա անկախ պետություն ունենք։ Շատ արդարացիորեն կարող ենք ասել, որ այս ընթացքում մեծամասամբ, գերակշիռ իմաստով հանրային ընկալումն արդարադատության համակարգի նկատմամբ եղել է այնպիսին, որ արդարադատության համակարգը քաղաքական իշխանությունից անկախ չէ, ինքնուրույն չի գործում։
Որքանո՞վ են այս հանրային ընկալումները տարբեր ժամանակներում իրական, օբյեկտիվ, յուրանքանչյուրս կդատենք մեր ունեցած տեղեկատվության ծավալի շրջանակում։ Ակնհայտ է, որ նման ընկալման համար եղել են նաև հիմքեր, նպաստել են առանձին դեպքեր, որոնք հանրության մոտ առաջացրել են այս մոտեցումը, որ արդարադատության համակարգն անկախ չի գործում»,- ասաց նախկին գլխավոր դատախազը։
Նա նշեց, որ թարմ օրինակներ կարող է բերել. «Երբ որ արդարադատության համակարգի ամենատարբեր ինստիտուտների ղեկավարներ մեկ օրվա մեջ քաղաքական իշխանության ղեկավարի sms-ով կարող են ազատվել աշխատանքից, ըստ էության, հանրության համար որևէ հիմնավոր բացատրության չտրվի դրա համար, բավարար հիմք է, որպեսզի հանրության մոտ ձևավորվի համապատասխան ընկալումը։ Նման ընկալում է ստեղծում հենց նույն ինստիտուտների կրողների մոտ։
Նման թարմ դեպքեր կարող ենք շատ բերել։ Վառ օրինակ վերջերս Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական-քրեական հետապնդումն էր, երբ քաղաքական ուղղորդմանը զուգահեռ, ներդաշնակ, արդարադատության համակարգի մարմինները համապատասխան դրսևորումներ էին իրականացում։
Վառ օրինակ է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ քաղաքական թիրախավորումը, անմիջապես դրան զուգահեռ եկեղեցու տարբեր հոգևորականների նկատմամբ սկսած իրավական գործընթացները»։
Արթուր Դավթյանը նաև նշեց, որ 35-ամյա պետության քաղաքական իշխանության ղեկավարը հրապարակայնորեն արդարացնում է ընդհուպ դատական համակարգի վրա իր ազդեցությունը՝ պարզագույն բացատրությամբ, որ «քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիները մեզանից են ակնկալում այս կամ այն դեպքով արդարադատություն»։
Ա. Դավթյանը նշեց, որ բերած օրինակները վկայում են այն մասին, որ արդարադատության համակարգում կա խորը ինստիտուցիոնալ ճգնաժամ, որի հիմնական արմատների փնտրտուքը պետք է լինի առաջնային խնդիր։