Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես չեմ հասկանում ձեր անմարդկшյին վերաբերմունքը դեպի իմ պաշտպանյալ Վարդան Ղուկասյանը. Փոստանջյանը՝ գլխավոր դատախազին
«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին չեն տրամադրում համապատասխան բուժօգնություն իր դիմումի և պահանջի հիման վրա»,- այս մասին ահազանգում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա իր ահազանգն ուղիղ եթերով հնչեցնում է հենց գլխավոր դատախազության շքամուտքից։
Փոստանջյանը նշում է, որ նոյեմբերի 6-ից սկսած որևէ պետական հաստատություն չի ցանկանում տրամադրել համապատասխան տեղեկություն։
«Արդեն որերորդ նամակն եմ ուղարկել դատախազ Աննա Վարդապետյանին, բայց քար լռություն։ Տեղեկացված է մեր միջնորդության մասին կապված այլընտրանքային խափանման միջոցի որոշման հետ, մինչդեռ պարոն Վարդնա Ղուկասյանն այս պահի դրությամբ նմանատիպ միջնորդության առկայության պայմաններում գտնվում է Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։ Պետական ատյանը պարտավոր է միջնորդություններին ընթացք տալ, դա ձեր ուղղակի սահմանադրական պարտականությունն է, որը չեք կատարել։
Ես չեմ հասկանում ձեր անմարդկային վերաբերմունքը դեպի իմ պաշտպանյալը և նրան զրկելը բուժօգնություն տրամադրելու հնարավորությունից»,- ասում է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանն ավելի վաղ հայտնել էր. «2025 թվականի նոյեմբերի 6-ին, շտապօգնության ծառայության միջոցով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին անսպասելիորեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա նկատմամբ իրականացվել է կյանքի համար վճռորոշ բժշկական միջամտություն՝ կորոնարոգրաֆիա։
Բժշկական այդ բարդ միջամտությունից հետո պարոն Ղուկասյանը շարունակել է գտնվել հիվանդանոցում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Սակայն հաջորդ օրը՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան, քրեակատարողական ծառայության մի խումբ աշխատակիցներ, ժամանելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնել են պարոն Ղուկասյանին, թե իբր նա այլևս բուժման կարիք չունի և պետք է նրան տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։
Վարդան Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ ճաղավանդակներով փակված ոստիկանական մեքենայով, անմարդկային պայմաններում։ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չկան այն մասնագետները՝ սրտաբան և էնդոկրինոլոգ, ովքեր կարող են վերահսկել պարոն Ղուկասյանի հիվանդության ընթացքը։ Այնուամենայնիվ, ինչպես քրեակատարողական ծառայությունը, այնպես էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը լիովին տեղեկացված են նրա առողջական վիճակի և ախտորոշման մասին»։