Որոշում է կայացվել Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ
Իրավունք
14:30 11/11/2025
Հայաստան

Որոշում է կայացվել Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Ա.Կ.-ի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ 

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին՝ լուսաբացին, հակառակորդն օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ:

2021 թվականի մայիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Ա.Կ.-ն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը:

Ա.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք): 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Որոշում է կայացվել Ա.Կ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

Նշենք, որ նշված տարթվին ԳՇ պետի առաջին տեղակալը եղել է Արշակ Կարապետյանը։ 

Ա. Կարապետյանը 2018֊2021 թվականներին եղել է Հայաստանի վարչապետի խորհրդական։ 2021 թվականի ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20֊ը եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ 2021 թվականի հուլիսի 20֊ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար։ Պաշտոնանկ է արվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder