Տարան հնարավոր ամեն բան խմբագրությունից՝ շտատիվներ, համակարգիչներ, միկրոֆոններ. AntiFake-ի խմբագիր
Քաղաքական
17:09 13/11/2025
Հայաստան

Տարան հնարավոր ամեն բան խմբագրությունից՝ շտատիվներ, համակարգիչներ, միկրոֆոններ. AntiFake-ի խմբագիր

AntiFake.am կայքի խմբագրությունից ԱԱԾ աշխատակիցները վերցրել են հնարավոր ամեն ինչ՝ համակարգիչներ, շտատիվներ, աշխատող ու չաշխատող միկրոֆոններ, պրոցեսորներ։

«Վերցրել են ամեն ինչ, ոչինչ չի մնացել աշխատանքային պայմաններ ապահովելու համար։ Եվ դա խոսում է  այն մասին, որ պարզապես ցանկանում են խոչընդոտել AntiFake.am-ի գործունեությունը։ Այս ամենն ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ է հետապնդում, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին արդեն կալանքի են տանում, սա այլ բան չի կարող լինել, քան քաղաքական հետապնդում, ազատ խոսքի լռեցում շատ կոպիտ միջամտությամբ»,-Panorama.am-ի հետ զրույցում աասաց AntiFake.am կայքի  խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։

Ա. Մաթևոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Վ. Սաղաթելյանն ու Ն. Սամսոնյանն արձագանքել են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի վիրավորական արտահայտություններին։

«Իրենք փոդքասթի ընթացքում արձագանքել են այդ վիրավորանքներին։ Եթե ԱԺ խոսնակը կարող է իրեն նման արտահայտություններ թույլ տալ, փոդքասթ վարող մեդիա դեմքերը չեն կարող արձագանքել, ապա իրավական ի՞նչ պետության մասին խոսք կարող է լինել։ Եթե ԱԺ խոսնակն է իրեն թույլ տալիս նման բառապաշար, մեդիադեմքերն ինչո՞ւ պետք է զերծ մնան դրանից։ Այդ բառապաշարը Նիկոլ Փաշինյանն է ներմուծել քաղաքական կոնյուկտուրայի մեջ, և դրա գոյության ողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։ Դա ոչ թե պատճառ էր, այլ ընդամենը պատրվակ, առիթ ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Եթե նույնիսկ նման արտահայտություններ հնչեցրած չլինեին, ապա նրանց կալանավորելու էին, մեր գործունեությունը խոչընդոտելու էին մեկ այլ պատրվակով, նման դեպքեր նախկինում բազմիցս են եղել։ Իրականությունն այն է, որ այս իշխանությունը, որ իրեն հռչակում է ժողովրդավար, որևէ տեսակի քննադատություն չի հանդուրժում, ընդդիմախոսներին, լրատվամիջոցին լռեցնելու նպատակով նման ամոթալի, խայտառակ, աբսուրդային գործողություններ է իրականացնում»,-ասաց Ա. Մաթևոսյանը՝ հիշեցնելով, որ «օդից հորինած» հիմնավորումով ձերբակալել են նաև AntiFake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանին։

Ըստ Մաթևոսյանի, Ֆիդանյանը եղել է օրվա հերթապահը, վաղ առավոտյան խմբագրություն եկած ԱԱԾ աշխատակիցների դիմաց դուռն ուշացումով է բացել։

«Ասեմ, ես դռան մոտ եմ եղել այդ ընթացքում, նրանց քաղաքավարի կերպով ուղեկցել ենք ներս, որևէ խոչընդոտ չի եղել այս ընթացքում։ Մյուս բանալին մեր մյուս աշխատակցի մոտ էր, որն արդեն մոտեցել էր, այսպես, թե այնպես դուռը բացվելու էր։ Ունենք լրատվական միջոցի գործունեությունը դադարեցված վիճակ, այս պահին ողջ խմբագրությունը չի կարողանում աշխատել»,-ասաց խմբագիրը՝ նշելով, որ այս պահին բաց են իրենց աջակիցների, գործընկերների առաջարկների համար, որպեսզի կարողանան ապահովել լրատվամիջոցի աշխատանքը։

Վաղ առավոտից քաղաքական, հասարական գործիչներ, իրավապաշտպաններ անդրադարձել են Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալություններին, AntiFake.am-ի խմբագրությունում իրականացրած խուզարկություններին ու տեխնիկայի առգրավմանը, գնահատականներ են հնչեցրել տեղի ունեցածի վերաբերյալ։ Հայաստանում գործող դեսպանատներից, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից կապ հաստատե՞լ են խմբագրության ներկայացուցիչների հետ։ Ա. Մաթևոսյանն ասաց, որ որևէ նման կառույցից իրենց հետ կապ չեն հաստատել, շուտով խմբագրութունը հանդես կգա հայտարարությամբ։

«Մենք ենք պատրաստվում հայտարարություն անել, որպեսզի խնդրի վրա հրավիրենք այդ կառույցների ուշադրությունը»,-ասաց նա։

Մանրամասները՝ հեռախոսազրույցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տարան հնարավոր ամեն բան խմբագրությունից՝ շտատիվներ, համակարգիչներ, միկրոֆոններ. AntiFake-ի խմբագիր