«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը այլևս չի կարող հավակնել՝ լինելու ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն
Օրվա մամուլ
08:40 14/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը այլևս չի կարող հավակնել՝ լինելու ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին երկու օրերին Ազգային ժողովի դահլիճում նկատվել է լարված մթնոլորտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, երկու օր անընդմեջ բախվեց իր թիմի «կազմակերպչական անուշադրությանը» և պոռթկաց։

Ընդամենը երկու օր առաջ կառավարության անդամների, պատգամավորների ներկայությամբ վարչապետը զայրացավ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վրա, որը պետք է մոտենար ամբիոնին, բայց դահլիճում չէր։ Նիստը ընդմիջվեց։ Սակայն երեկ իրավիճակն ավելի բարդացավ։ Վարչապետը 10։01-ին արդեն ԱԺ-ում էր՝ իր կաբինետի հետ միասին, բայց դահլիճը գրեթե դատարկ էր։ ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ չէին ժամանել աշխատանքի: Ներկա ընդդիմադիրները չգրանցվեցին, և նիստը մոտ 10 րոպե տապալվեց։

Տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ Փաշինյանը, բացահայտ դժգոհ, նախատում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ ինքը Կառավարության նիստը տեղափոխել է վաղը, որպեսզի այսօր բյուջետային քննարկումները ավարտվեն, բայց իշխանական պատգամավորները չեն գալիս աշխատանքի, և խորհրդարանում անկազմակերպ, խայտառակ վիճակ է։ Սա ցույց է տալիս, որ Սիմոնյանը չի կարողանում լիարժեք կատարել իր պաշտոնական պարտականությունը՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը ապահովելը։

Փաշինյանը ցուցադրական կերպով վերցրել է համակարգիչը, դուրս է եկել դահլիճից, իսկ Ալեն Սիմոնյանը խելոք հետևել է նրան և ավելի ուշ միջանցքում ընդունել, որ «շեֆն իսկապես բարկացել էր»։ Սակայն այս պատմությունը միայն զայրույթի մասին չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ պատգամավորները հայտնեցին, որ վարչապետի դժգոհությունը Սիմոնյանի հանդեպ շարունակական բնույթ է կրում։ Նա երկու օր անընդմեջ նկատել է անլրջություն ԱԺ կառավարման գործընթացում: Մեզ բացատրեցին, որ նաև այդ պատճառով ԱԺ նախագահը ոչ մի դեր չունի ՔՊ-ի 2026-ի նախընտրական շտաբում։

Նախընտրական թիմում Փաշինյանը հենվում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և մամուլի հարցերով պատասխանատու Վահագն Ալեքսանյանի վրա, իսկ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի վրա։

Ալեն Սիմոնյանի թիմակից պատգամավորներն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հեր զրույցում բացատրում էին, որ պատգամավորներին դահլիճ բերելու պարտավորությունը ԱԺ նախագահին չի վերապահվում, այլ խմբակցության ղեկավարի և քարտուղարի գործն է. այսինքն՝ իրենց գործում թերանում են Հայկ Կոնջորյանն ու թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանը։

Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ առաջանալու է քաղաքական պատասխանատվության հարց, որը կարող է դրսևորվել տարբեր կերպ: Սակայն ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը այլևս չի կարող հավակնել՝ լինելու ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն. դա արդեն հաստատված փաստ են համարում հենց ՔՊ-ում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder