Երևանի Շեքսպիրյան փառատոնի սահմաններն ընդլայնվել են, այդ նպատակով ենք ընտրել Shakespeare & Co խորագիրը. Կարո Բալյան
Մշակույթ
17:34 14/11/2025
Հայաստան

Երևանի Շեքսպիրյան փառատոնի սահմաններն ընդլայնվել են, այդ նպատակով ենք ընտրել Shakespeare & Co խորագիրը. Կարո Բալյան

Նոյեմբերի 14–20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից։

Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն Կարո Բալյանը նշել է, որ փորձել են ընդլայնել փառատոնի սահմանները։ Հենց այդ նպատակով են ընտրել  Shakespeare & Co խորագիրը։

«Ընտրվել են ոչ միայն Շեքսպիրի, այլև ռուս դասականների գործերի հիման վրա բեմադրված ներկայացումներ։ Հրաշալի են Մոլդովայից «Քեռի Վանյան», Ռումինիայի և Հունգարիայի  ներկայացումները, լեգենդար «Ճայը», որի ճակատագիրը բարդ էր, մոտ 3 տարի այն բեմում չէր։ Տարիներ առաջ Բուտուսովը հյուրընկալվել էր Շեքսպիրյան փառատոնին,  որոշել էինք,  որ պետք է վերականգնի ներկայացումը և բերի Հայաստան»,-ասել է Կ.Բալյանը։

Շեքսպիրի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու «Փոթորիկ»-ը, «Ամառային գիշերվա երազ»-ը, «Մակբեթ»-ը։

«Մշակույթը զարգացնելու համար անհրաժեշտ է տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, մշակույթի տարբեր ուղղություններով առաջ գնալ։  Կարևոր է ճանաչել   նորը։  Թատերասեր հասարակությանը, թատերական գործիչներին պետք է օրինակներով ցույց տալ, թե ինչպես է հնարավոր հասնել բարձր արվեսին, իսկ պետությունը ցանկանում է  ֆինանսավորել միայն բարձրորակ նախագծերը»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Փառատոնի կազմակերպիչերը հայտնում են, որ նշանավոր ներկայացումներից են` Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի՝ «Ճայը» (Մոսկվա), «Ի․ Լ․ Կարաջալե Սատիրիկուս» Ազգային թատրոնի «Քեռի Վանյա» (Մոլդովա), Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի «Քիթը» և «Ամառային գիշերվա երազը» (Սանկտ Պետերբուրգ), Սեգեդի Պինցեսինհազ և Արադի Կամարասինհազ թատրոնների «Կենդանի Դիակ» (Հունգարիա-Ռումինիա), Սեգեդի Պինցեսինհազ թատրոնի «ՄակբեԹԹ» (Հունգարիա)։

Փառատոնի բացումը տեղի կունենա այսօր  ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնը կներկայացնի լեգենդար «Ճայը» ներկայացումը։
 
Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև վարպետության դասեր, մասնագիտական քննարկումներ և հատուկ հանդիպում կլինի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի հետ։ Նա ռուսական ժամանակակից թատրոնի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, ով մեծ ավանդ ունի թատերական արվեստի զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում Ռայկինը կկիսվի իր փորձով և ստեղծագործական սկզբունքներով, որոնք ձևավորել են «Սատիրիկոնը» որպես առանձնահատուկ երևույթ թատերաշխարհում։

Փառատոնի օրերին Գալյա Նովենց թատերական դպրոցի հետ համատեղ կանցկացվի թատերական լաբորատորիա՝ բեմադրիչ Դորիան Ռոսսելի (Շվեյցարիա) ղեկավարությամբ. կբեմադրվի Վ.Շեքսպիրի «Փոթորիկը»:

Ներկայացումները կցուցադրվեն տարբեր թատերական հարթակներում:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder