«Հրապարակ»-ի լրագրողը թիրախավորվել էր կեղծ պատարագների լուսաբանման համար. Արմինե Օհանյան
Քաղաքական
09:44 16/11/2025
Հայաստան

«Հրապարակ»-ի լրագրողը թիրախավորվել էր կեղծ պատարագների լուսաբանման համար. Արմինե Օհանյան

«Երկրում լացելու վիճակ է։ Այն ըստ էության նոր չէ։ Տևական ժամանակ է արդեն։ Հատկապես լրատվամիջոցները, լրագրողները, խմբագիրները տոտալ տեռորի են ենթարկվում այս իշխանությունների կողմից բոլոր հնարավարո տարբերակներով»,-ասաց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում։

Հիշեցնենք, որ փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվել են խուլիգանության հատկանիշներով։ Շատ իրավապաշտպաններ նրանց ազատազրկումը որակում են որպես նրանց լռեցնելու, ընդդիմադիր խոսքը սահմանափակելու քայլ։ Փոդքասթը երեկ վարեցին Ն. Սամսոնյանի ու Վ. Սաղաթելյանի փաստաբանները՝ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը։

Ներկայացնելով ԶԼՄ-ների դեմ իշխանությունների քայլերը՝  Ա. Օհանյանը նշեց, որ օրեր առաջ «Հրապարակ»-ի լրագրողը՝ Աննա Պապիկյանը հայտնվել է ֆեյքերի թիրախում, քանի որ լուսաբանել է կեղծ պատարագները

«Նրա մասին կեղծ տեսանյութեր, նյութեր էին տարածում ֆեյք էջերով։ Երիտասարդ լրագրող է, բավականին ծանր էր տանում։ Նման ճնշումները կին լրագրողի նկատմամբ պակաս ազդեցիկ ու անբարոյական չէ, քանի Նարեկի ու Վազգենի կալանավորումները»,-ասաց Օհանյանը։

Անդրադառնալով երեկ 168.am-ի հրապարակման շուրջ բարձրացրած աղմուկ-աղաղակին՝ նշեց, որ անունը դրել են ֆեյք լուր ու ամբողջ իշխանական զինանոցը  հանել են 168.am-ի խմբագրի դեմ։

«Չեն բավարարվել ԶԼՄ-ի դեմ քայլերով, հիմա էլ անցել են Սաթիկ Սեյրանյանին ու Ժուռնալիստների միությանը։ Իհարկե, մենք էլ կարող ենք սխալվել, եթե միջազգային մամուլում նյութ է հրապարակվում, մենք արտատպում են, մեր պատասխանատվության բաժինը շատ փոքր է։ Perfect TV-ների ոճը որդեգրած իշխանությունը կարող է մեղադրել լրատվամիջոցին ինչ-որ վրիպում ունենալու կամ ինչ-որ տեղից չճշտված տեղեկություն հրապարակելու համար։ Ես երեկ գրել էի, մենք կարող ենք սխալ ինֆորմացիա տպագրել, դրանից երկիրը չի տուժի, դուք ձեր սխալներից, բրիպումներից, սրիկայություններից խոսեք, որ այս երկիրը բերել-հասցրել եք էս օրի»,-ասաց Օհանյանը՝ միաժամանակ նշելով, չի բացառվում, որ Հայաստանում մզկիթների կառուցման մասին տեղեկատվությունը լինի այն լուրերի շարքից, որոնք նախ հերքվում են, ապա հաստատվում։

Հարցազրույցի մասնրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder