Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստն ավարտվեց, վարույթները կարճվեցին։ Առավոտվանից ի գործ»,- ԿԸՀ՝ 10 ժամ տևած նիստից հետո հայտնել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ նիստում քննարկվել էր մի քանի դիտորդական առաքելություններին կողմնակալության հիմքով հավատարմագրումից զրկելու վարույթները։
«Անկախ դիտորդ»-ը դիմել էր ԿԸՀ ու խնդրահարույց համարել «ՀայաՔվե» դիտորդական առաքելության, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի որոշ հայտարարություններ։
«Անկախ դիտորդը մտահոգիչ է համարում որոշ դիտորդական առաքելությունների կողմից որևէ կուսակցության կամ ուժի մասին հնչեցված մեկնաբանություններում կողմնակալության դրսևորումները»,-նշել էր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը։
Այս կազմակերպություններն այսօր դիտորդական առաքելություն են իրականացնում Վաղարշապատում արդեն մեկնարկած ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։