Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դիաննա Գասպարյանի ամուսնու գազլցակայանում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ գազալցակայանը պատկանումէ Էջմիածնի ՔՊ-ական նախկին քաղաքապետ Դիաննա Գասպարյանի ամուսնուն։
ՔԿ-ից նաև հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Բ.-ն և Ա.Պ.-ն իրենց միջև առկա տարաձայնությունները պարզաբանելու նպատակով 2025 թվականի մարտի 22-ին հանդիպել են Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության:
Վիճաբանության ընթացքում Կ.Բ.-ն իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է Ա.Պ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրան: Կ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը։
Գազալցակայանի հերթափոխի պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը կազմակերպելը) և գազալիցքավորողի նկատմամբ՝ 474-րդ հոդվծի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։