Տերտերյանի երաժշտությունը կհնչի Կիրիլ Կարաբիցի ղեկավարությամբ
Մշակույթ
10:00 19/11/2025
Հայաստան

Տերտերյանի երաժշտությունը կհնչի Կիրիլ Կարաբիցի ղեկավարությամբ

Նոյեմբերի 21-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3-ը, Թոմաս Հարթմանի «Ալվան ծաղիկը» բալետից սյուիտ և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ը: Համերգն անցնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում։ 

Դաշնամուրի կոնցերտը կհնչի մեր ժամանակների մոցարտյան լավագույն մեկնաբաններից մեկի` Անդրեաս Ֆրյոլիխի կատարմամբ: Համերգը կղեկավարի հանրահայտ դիրիժոր Կիրիլ Կարաբիցը:

Ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որր ծրագիրը կեզրափակվի Տերտերյանի վառ ու ինքնատիպ Սիմֆոնիա թիվ 3-ով, որտեղ դուդուկի և զուռնայի մենանվագներով հանդես կգան Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը:  Տերտերյանն առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ: Որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլ ազգային գործիքներ, բացառություն չէ նաև Սիմֆոնիա թիվ 3-ը, որն առաջին անգամ հնչել է 1975թ.-ին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (այն ժամանակ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ) կատարմամբ՝ Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ:

Ստեղծագործությունը նվիրված է կոմպոզիտորի եղբոր` կյանքից վաղաժամ հեռացած դիրիժոր Հերման Տերտերյանի հիշատակին: Սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժական հարցի, գոյության պայքարի շուրջ մտորումների ամբողջություն է։

Սիմֆոնիայի կատարումը համերգի դիրիժոր Կիրիլ Կարաբիցի նախաձեռնությունն է, քանի որ նա Տերտերյանի արվեստի մեծ երկրպագու է: Կարաբիցը կատարել է այն տարբեր նվագախմբերի հետ Լեհաստանում, Գերմանիայում, Անգլիայում և այլուր: Նա նաև ձայնագրել է Տերտերյանի 3-րդ և 4-րդ սիմֆոնիաները՝ թողարկված «Ձայներ արևելքից» ձայնասկավառակում (“Voices from the East”, Chandos lable), որը մեծ դրական արձագանքի է արժանացել երաժշտաքննադատների կողմից:

Կարաբիցի խոսքերով, Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան իր ղեկավարած ամենաբարդ ստեղծագործություններից է: Այն խորապես հայկական է, միևնույն ժամանակ, հասկանալու համար բացատրության կարիք չունի. երաժշտությունն ինքնին խոսում է իր մասին. «Սա ամենազարմանալի և անսովոր ստեղծագործություններից մեկն է, որը կարելի է լսել համերգասրահում։ Ամեն ինչի համադրությունը, կոմպոզիտորի կողմից ստեղծված ձայնային աշխարհը բացարձակապես եզակի են: Իմ սիրելի հատվածը դանդաղ մասն է՝ երկու դուդուկների մենանվագներով։ Շատ հանգիստ և շատ պարզ երաժշտություն է, կրկնվող, բայց ստեղծում է այնքան հրաշալի և փխրուն մթնոլորտ։ Երբ լսում ես, երևակայությունդ աշխատում է իր ողջ հզորությամբ»,- ասում է Կարաբիցը հարցազրույցում (Bachtrack, 10 ապրիլ 2024):

The Telegraph-ը Կիրիլ Կարաբիցի մասին գրում է, որ նա կարծես մի ոգեշնչված քանդակագործ լինի… բեմից նա հզոր էներգիա է ճառագում։

Կարաբիցն Ուկրաինան և Գերմանիան ներկայացնող արտիստ է, ով 2009-ից հանդիսանում է Բորնմութի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Իր ղեկավարած տարիներին նվագախումբը զգալի կերպով ընդարձակել է երկացանկը, կանոնավոր հանդես է գալիս հեղինակավոր BBC Proms փառատոնում, Լոնդոնի Բարբիքեն և Southbank արվեստի կենտրոններում: 2014թ.-ին նվագախմբին շնորհվեց «Աշխարհի ամենասիրելի նվագախումբ» տիտղոսը:

Կարաբիցը եղել է նաև Վայմարի պետական կապելլայի երաժշտական ղեկավարը, Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը, կարիերան սկսել է որպես Ֆրանսիայի ռադիոյի ֆիլհարմոնիկի երկրորդ դիրիժոր:

2025-26 համերգաշրջանի գլխավոր իրադարձություններն են Կարաբիցի համագործակցությունը Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Շոտլանդիայի Թագավորական ազգային, Տոկիոյի Մետրոպոլիտեն սիմֆոնիկ, BBC սիմֆոնիկ, Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբերի և Լեհաստանի ռադիոյի ազգային սիմֆոնիկի հետ՝ Բեթհովեի փառատոնի շրջանակում: Մեծ շրջագայություն ունի Չինաստանում, որը կեզրափակվի Մակաոյի միջազգային երաժշտական փառատոնով, այնուհետ ելույթ կունենա Սեուլի Արվեստների կենտրոնում, համերգաշրջանը կեզրափակի Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ղեկավարելով «Տրավիատա» օպերան Բրեգենցի փառատոնում:

2024թ.-ին Կարաբիցը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով (The Order of British Empire) Մեծ Բրիտանիայում դասական երաժշտության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տերտերյանի երաժշտությունը կհնչի Կիրիլ Կարաբիցի ղեկավարությամբ