Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում է Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստը։ Քննարկավում է մեղադրյալների խափանման միջոցների հարցը։
Մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի նկատմամբ դատարանը կիրառեց նոր խափանման միջոց՝ տնային կալանք և բացակայելու արգելք։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ թեև խոչընդոտելու հիմքը դեռ առկա է, բայց նվազ չափով, և դատարանը որոշում է կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք։
«Այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու են ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այդ պայմաններում կիրառված խափանման միջոցը կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ նոյեմբերի 26-ից սկսած որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ միասին»,- ասաց դատավորը։
Դատարանը փոխեց նաև մեղադրյալ Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, թեև մեղադրող կողմը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Դատարանի որոշմամբ, Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։ Կալանքի ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո նա դուրս կգա ՔԿՀ-ից։
Դատարանի որոշմամբ, մեղադրյալ Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը նույնպես փոխվեց. կալանքի եռամսյա ժամկետը լրանալուց հետո՝ նոյեմբերի 25-ից հետո, նրա նկատմամբ կկիրառվի տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով, համակցված բացակայելու արգելք, 2 միլիոն դրամի չափով գրավ։ Նշենք, որ դատախազը միջնորդել էր կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ դատարանի այսօրվա որոշմամբ Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացվեց տնային կալանքը: