Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վիետնամում չդադարող անձրևների հետևանքով առնվազն 41 մարդ է զոհվել
Հանգստյան օրերից ի վեր Վիետնամի կենտրոնում անդադար անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով այդ երկրի պետական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները։ Երկրում շարունակվում են 9 անհետ կորածների որոնումները։
Ըստ աղբյուրի, ջրի տակ են անցել ավելի քան 52.000 տուն, կես միլիոն տնային տնտեսություն և բիզնես մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վերջին երեք օրերի ընթացքում մի քանի շրջաններում տեղումների քանակը գերազանցել է 1.5 մետրը (5 ոտնաչափ), որոշ հատվածներում նույնիսկ գերազանցելով 1993 թվականի ջրհեղեղի ռեկորդը՝ 5.2 մետրը։
Ամենաշատը տուժած շրջանների թվում են Հոյ Ան և Նհա Տրանգ ափամերձ քաղաքները, ինչպես նաև կենտրոնական բարձրավանդակներում սուրճի արտադրության կարևոր գոտին, որտեղ ֆերմերներն արդեն իսկ տուժել են նախորդ փոթորիկների պատճառով բերքահավաքի դադարեցումից։
Վերջին ամիսներին Վիետնամը զգալիորեն տուժել է բնական աղետներից։ Երկու թայֆուններ՝ «Կալմաեգի»-ն և «Բուալոյ»-ը մի քանի շաբաթում հաջորդեցին միմյանց։ Դրանք բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձան։ Կառավարության գնահատականներով՝ այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վիետնամում տեղի ունեցած բնական աղետները 2 միլիարդ դոլարի վնաս են պատճառել։