Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնց անունները մինչ այս պահը գաղտնի են պահվում, քիչ առաջ հասել են Բաքու։
Նրանք Ադրբեջանի մայրաքաղաք հասել են հատուկ չվերթով, Airbus A320-ով թռիչքի տևողությունը եղել է 50 րոպե։
«Այցը կատարվում է ի պատասխան ադրբեջանական պատվիրակության՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի մայրաքաղաք կատարած այցի։ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հայտարարության ընդունումից հետո ուրվագծված խաղաղության օրակարգի շրջանակներում»,-գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ենթադրվում է, որ Բաքու են մեկնել ԱԽ գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցած գործիչները։

Հիշեցնենք, որ երեկվա նիստում կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթի հետ հաստատեց նաև Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչքի համար հատկացվող բյուջեն։ Նոյեմբերի 21-22-ը 5 փորձագետներից կազմված խումբը կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Այս նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Կառավարությունը մոտ 18 մլն դրամ է հատկացրել։ Ըստ որոշման հիմնավորման՝ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստանում մեծ քննադատությունների, մեղադրանքների տեղիք տվեց, քանի որ նրանց թվում էր նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ» ներկայացող Դիլարա էֆենդիևան։
Արցախցի Անուշ Շահրամանյանն այս առումով գրել էր. «Սա անհավանական խայտառակություն է, աչքերիս չէի հավատում մինչև մի քանի տեղ չկարդացի։ Երևանում պատվով, ժպիտով դիմավորել են ու հետը ինչ-որ բան են քննարկել Արցախը շրջափակած «էկոակտիվիստներից» մեկի հետ։ Էս մարդիկ փակել են մեր թթվածինը, մեր կապը Հայաստանի ու աշխարհի հետ, սոված են պահել մի ամբողջ ժողովրդի, երեխաների, տարեցների, եղել հարյուրավորների մահվան պատճառը… արել են դա ցինիկաբար, «բնապահպանական» նպատակներով։ Մարդ որքա՞ն անինքնասեր պիտի լինի, որ ներքին ցասում չապրի ու կարողանա հանդուրժել սրանց ներկայությունը Հայաստանի տարածքում»։