Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդը մեղր է արտադրում, արջն էլ ուզում է ուտի, արջ-մարդ «հակամարտություն»
Վայոց ձորի մարզում արջերը շարունակում են վնաս հասցնել տնտեսություններին, թեև դեպքերի քանակը նախորդ տարիների համեմատությամբ որոշակի նվազել է, սակայն խնդիրը դեռևս լուծված չէ։ Panorama.am-ի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը նշեց, որ արջերն սկսեցին մտնել բանակտեղիներ այն ժամանակ, երբ կառուցվեցին ՀԷԿ-եր։
«Մեր մարզում շատ ՀԷԿ-եր են կառուցել։ Միայն Եղեգիս գետի վրա 19-ից 20 ՀԷԿ կա։ Մի կողմից կլիմայի փոփոխությունը, մյուս կողմից՝ ՀԷԿ-երի անկանոն աշխատանքը՝ չգրանցված, ջթ-ները չվերանայված։ Օրինակ՝ 2002 թ․-ին ՀԷԿ-ը կառուցվել է, սակայն 2002-ից մինչև 2025 թ․-ը ջրային ռեսուրսների 25-ից 30 %-ը կրճատվել են։ Այսինքն՝ անհրաժեշտություն կա հիմա վերանայելու ՀԷԿ-ի ջրային թողքը , գետի բնական հունով գնացող թողքի ջուրը չի բավարարում»,- ասաց Մարգարյանը։
Նա նշեց, որ արջերը սնվում են նաև գետի ձկներով։ Գետերի մեծ մասը խողովակների մեջ են առնվել, նրանց կերի աղբյուրները նվազել են, հետևաբար արջերը կեր են փնտրում այլ վայրերում, այս դեպքում՝ բնակավայրերում։
«Վայոց ձորի մարզի ամենախոցելի բնակավայր են Շատին, Եղեգիս, Հերմոն, մասնակի Արտաբունկ համայնքները։ Դրանք գետին հարակից տարածքներն են և կենդանին իր սպիտակուցային քաղցը հաղթահարելու համար, երբ կարող էր գետից օգտվել՝ ձուկ ուտելով, խեցգետին որսալով կամ որևէ փափկամարմին, կենդանական ծագման թանկարժեք սպիտակուց, մոտենում է գյուղերին»,- ասաց մարզային պաշտոնյան։
Միջազգային դոնորների ֆինանսավորմամբ էլեկտրական հովիվներ են տեղադրվել, ինչն իհարկե նվազեցրել է խնդիրը։ Բացի դրանից մի շարք ծրագրեր են իրականացվում ՝ մարդ-արջ կոնֆլիկտը հաղթահարելու համար։ Սակայն արջի սննդի խնդիրն արդիական է։
«Գոյության պայքար է ՝ սննդի համար։ Հիմա մարդը մեղր է արտադրում, արջն էլ է ուզում ուտի։ Մարդն ու արջը պայքարում են մեղրի համար, գոյատևման պայքար է»,- հավելեց Վայոց ձորի բնակիչները։
Նրա դիտարկմամբ՝ հրատապ է խնդիր է վերանայել ՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլտվությունները։ Այս հարցի լուծումը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է։ Մարգարյանն ասաց՝ նույնիսկ գրություն է ուղարկել մարզպետարանի անունից , սակայն հարցը դեռ չի լուծվում։ ՀԷԿ-երը շարունակում են գործել։
«Սա հրատապ լուծման հարց է։ ՀԷԿ-ին տրված է 400 վայրկյան/ջուր օգտագործելու թույլտվություն, օգտագործում է 350-ը, հլը 50 էլ չկա,քանի որ ջուր չկա»,- ասաց մեր զրուցակիցը։
Կլիմայի փոփոխությունը մարզում առաջացրել է սակավաջրություն։ Մարգարյանի ուսումնասիրությամբ՝ չորացած գետեր չկան, բայց աղբյուրներ շատ կան։
« 2021 թվականի կլիման 2025-ի նման էր։ Ես մոնիթորինգի պես մի բան անցկացրեցի՝ վարչական ղեկավարներին հարցրեցինք և պարզեցինք, որ 41 բնակավայրի 321 աղբյուր չորացել է։ Աղբյուրներ, որոնք պապենական էին՝ «քարի աղբյուր», «սարի աղբյուր», « Հովսեփի աղբյուր» և մյուս աղբյուրները փաստացի ևս չորացել են։ Կլիմայի փոփոխություն տանում է մեզ դառը հետևանքների։ Փաստացի 0․4 աստիճանով բարձրացել է միջին ջերմաստիճանը։ Եղեգնաձորում գրանցվում է 43-44 աստիճան։ Իսկ հոկտեմբեր ամսին +30 աստիճան է եղել, նման բան նախկինում ո՞վ է տեսել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Մարգարյանը նշեց, որ ջրի պակասը մարզում հանգեցրել է նաև գյուղատնտեսության ոլորտում խնդիրների առաջացմանը։ Մասնավորապես,
«Եթե մենք ոռոգում ենք, ենթադրենք ոռոգում ենք տարվա կտրվածքով 1 հա-ը 5000 խորանարդ ջրով, այժմ դա հնարավոր չէ, պետք է ոռոգենք 6- 7000 խորանարդ։ Խաղողը ավանդական ոռոգել են 3-ից 4 անգամ։ Հիմա խաղողի այգիները ոռոգվում է 6-7 անգամ։ Եթե չոռոգես, բույսը կչորանա ,պետք է ոռոգես»,- ասաց Մարգարյանը՝ միաժամանակ նշելով, որ գյուղաատնտեսական հողերը ոռոգվում են քաղցրաահամ ջրերով, ինչով էլ պայմանավորված է պտուղ-բանջարեղենի համային առանձնահատկությունները։
Նա տեղեկացրեց, որ Վայոց ձորն ընդգրկվել է զբոսաշրջության կենտրոնների ցանկում։
Փորձում ենք էկողբոսաշրջության և ագրոզբոսաշրջության ուղղությամբ զարգացնել։ Հանքարդյունաբերությունն անհմատեղելի է զբոսաշրջության հետ։ Չեն կարող նույն վայրում երկուսն էլ զարգանալ։ Վայոց ձորը մեծ պոտենցյալ ունի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Մարզում՝ 1300 պատմամշակութային արժեք կա, Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի կենդանական աշխարհի 462 տեսակից 224 ապրում են Վայոց ձորում։ Կենսաբազմազանության թեժ կետում է մարզը։
Վերադառնալով արջերի խնդրին, մարզի ներկայացուցիչն ասաց, որ այժմ մոնիթորինգ է իրականացվում՝ հասկանալու համար, թե որքանով է ավելացել արջերի գլխաքանակը մարզում և ինչպես է հնարավոր ապահովել կենդանու սնունդը բնակավայրերից դուրս։