ՏԿԵ փոխնախարարը չհաստատեց ՔՊ-ական հանձնաժողովի նախագահի պնդումը ՌԴ-ում գտնվելու թուլատրելի 90-օրյա ժամկետի փոփոխության վերաբերյալ
Քաղաքական
16:05 24/11/2025
Տարածաշրջան

ՏԿԵ փոխնախարարը չհաստատեց ՔՊ-ական հանձնաժողովի նախագահի պնդումը ՌԴ-ում գտնվելու թուլատրելի 90-օրյա ժամկետի փոփոխության վերաբերյալ

«Երբ ՌԴ-ում այդ փոփոխությունները տեղի ունեցան և 90-օրյա ժամկետը մեր վարորդները սկսեցին հատել ու խնդիրներ առաջացան՝ ԵԱՏՄ հարթակում բոլոր անդամ պետությունները, բացի ՌԴ-ից և Բելառուսից այդ խնդիրը բարձրաձայնեցին»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ մի քանի փուլի տևած քննարկումներից հետո ՌԴ-ի գործընկերները հայտնել են, որ համապատասխան իրավական գործընթաց են սկսել, որպեսզի վարորդների նկատմամբ այլ միգրացիոն ռեժիմ սահմանեն։

 «ՌԴ տրանսպորտի նախարարությունը համապատասխան առաջարկներ են ներկայացրել ՌԴ Ներքին գործերի նախարարությանը, ըստ մեզ փոխանցված տեղեկատվության, և գործընթաց է գնում։ Այս պահին որևէ իրավական ակտ, որն ընդունված է, հայտնի չէ, բայց գործընկերները տեղեկացրել են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասաց փոխնախարարը։

Մինչ այդ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, թե տեղեկություններ ունի, որ արդեն քաղաքական մակարդակում պայմանավորվածություն կա վարորդների համար 90 օրը դարձնեն 180 կամ մի փոքր քիչ օր և ընթանում են տեխնիկական հարցերի լուծման աշխատանքներ։

Կրկնելով փոխնախարարի խոսքը, որ խնդրի վերաբերյալ ահազանգել էին ԵԱՏՄ բոլոր երկրները՝ Հակոբյանը հավելեց. «Բայց հերթական անգամ մամուլում այս հարցը դարձել էր հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարց, որը գոյություն չուներ»։

 ՏԿԵ փոխնախարարը չկարողացավ հաստատել ՔՊ-ական հանձնաժողովի նախագահի պնդումը։

Վերջինս հանձնաժողովի նիստին ներկայացնում էր «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որն ընդունվեց։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder