Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հասարակություն
13:07 25/11/2025
Հայաստան

Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։

Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17։30 Երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու նախատոնակին և Սուրբ Պատարագին»,- նշում են Մայր Աթոռից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը