Անցած կիրակի ոսկու շուկայում ռեկորդ է եղել. Ի՞նչ են պատմում ոսկու վաճառքով զբաղվողները
Տնտեսություն
17:16 26/11/2025
Հայաստան

Անցած կիրակի ոսկու շուկայում ռեկորդ է եղել. Ի՞նչ են պատմում ոսկու վաճառքով զբաղվողները

Ոսկին համաշխարհային և հայաստանյան շուկայում ռեկորդային կերպով թանկացել է։ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ այսօր 999 հարգի ոսկու 1 գրամն արժե 50 հազար 43 դրամ, մինչդեռ շուրջ 3 ամիս առաջ՝ սեպտեմբերի 1-ին, դրա արժեքը 42 հազար 183 դրամ էր։ Այսինքն՝ վերջին 3 ամսում ոսկին թանկացել է շուրջ 20 %-ով։

Ոսկու վաճառքով զբաղվող տնտեսվարողները Panorama.am-ի հետ զրույցում դժգոհեցին՝ վերջին ամսում Հայաստանի ոսկու շուկայում առևտուրը նվազել է, ինչը դժվարություններ է ստեղծում իրենց համար։

«Լավ չի անդրադառնում մեզ վրա։ Երբ թանկանում է, այդ գնով ես վերցնում ոսկին, հետո նորից կարող է տատանվել, վաճառք չես կարող անել այդ թանկ գնով։ Դա տնտեսվարողների համար էլ է շատ վատ»,- նշեց «Ոսկու շուկայում» աշխատող Լիանա Պողոսյանը։

Մեկ այլ տաղավարում աշխատող Մարինե Պողոսյանը ևս նշում է դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ մի կողմից հարկն է բարձրացել, մյուս կողմից՝ առևտուրը նվազել է։

«Ոսկու գինը  շատ ռեկորդային սկսեց բարձրանալ, հետո սկսեց իջնել, բայց մարդիկ արդեն խուճապի են մատնված, ընդհանրապես առևտուր չկա։ Անցած կիրակի օրը ռեկորդ է եղել.  4 տարվա մեջ նման կիրակի չի եղել, ամբողջ սրահը դատարկ էր»,- հավելեց Մարինե Պողոսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե նախկինում հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին մարդիկ ոսկի էին գնում որպես նվեր, այժմ նախընտրում են գումար տալ, քանի որ նախատեսած գումարով շատ թեթև ոսկի կարող են գնել։

«Ոսկին այնքան է թանկացել, տնից 2-3 հոգի գնա առիթի, թեթև մի բան պիտի տանի ու չերևա, նախընտրում են գումար տանել։ Միայն ինձ մոտ չէ, ընդհանրապես, ամբողջ շուկան այս վիճակում է, ոլորտը շատ է պասիվացել։ Ուղղակի հույս ունենք, որ մարդիկ կհամակերպվեն, որ այս գինն է մնալու, կսկսեն գնել»,-ասաց ոսկու առևտրով զբաղվող կինը։

Ոսկու վաճառքով զբաղվողները կանխատեսումներում զգույշ են, բայց չեն կարծում, թե գների իջեցում կլինի։

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը ոսկու թանկացումը կապում է համաշխարհային անորոշությունների և ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Panorama.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց՝  դոլարի նկատմամբ վստահությունը թուլացել է, ինչի հետևանքով էլ ոսկու պահանջարկը բարձրացել է։

«Աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական տեկտոնական տեղաշարժեր, իսկ այդ պարագայում ամենակայուն կապիտալը  ոսկին է, ոչ թե դոլարը կամ եվրոն։ Այդպիսով  ոսկու պահանջարկն ավելացել է, և գինը բարձրացել»,- նշեց տնտեսագետը։

Վարդանյանի կարծիքով՝ ոսկին չի էժանանա այնքան ժամանակ, մինչև չավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը։

«Ռուս-արևմտյան պատերազմի դադարից հետո ոսկու գինը կտրուկ կընկնի»,- եզրափակեց տնտեսագետը՝ կարծիք հայտնելով, որ դա մի քանի օրվա հարց է։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder