Վեհափառ Հայրապետին որևէ մեկը ո՛չ բարոյական, ո՛չ էլ կանոնական իրավունք չունի հեռացնելու․ Ասողիկ աբեղա Կարապետյան
Հասարակություն
18:43 27/11/2025
Հայաստան

Վեհափառ Հայրապետին որևէ մեկը ո՛չ բարոյական, ո՛չ էլ կանոնական իրավունք չունի հեռացնելու․ Ասողիկ աբեղա Կարապետյան

 Ասողիկ աբեղա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մամուլից է տեղեկացել «Եպիսկոպոսաց հայտարարության» մասին փաստաթղթի մասին։

«Մենք չգիտենք՝ վավերակա՞ն է, թե՝ ոչ։ Դրա համար որևէ մեկնաբանություն ես այս պահին չեմ կարող տալ։ Միայն կարող եմ ասել, որ հայ եկեղեցին միշտ ամուր է, հայ եկեղեցին միշտ միասնական է։Իսկ եթե մեկը իրեն հայ եկեղեցու միությունից, միասնականությունից, ամրությունից դուրս է դնում, դա իր խնդիրն է։ Ե՛վ հոգևորականների դեպքում, և՛ աշխարհականների դեպքում եկեղեցին ունի ինքնամաքրման հատկություն, որպես աստվածային հաստատություն, որպես Քրիստոսի խորհրդական մարմին։ Եթե այդ մարմնի մեջ ինչ-որ գոյացություն է առաջ գալիս, այդ մարմինն ինքն իրեն այդ գոյացությունը հեռացնում է։ Այնպես որ եկեղեցու անսասանության, միասնության առումով որևէ մեկը չի կարող կասկած ունենալ»,- ասաց հոգևորականը։

Ինչ վերաբերում է Վեհափառի հրաժարականը պնդող իշխանությունների հայտարարություններին,  Ասողիկ աբեղա Կարապետյանը ասաց․   «Իրենց մամլո խոսնակը չեմ, որ որևէ մեկին  չեմ մեկնաբանի։ Ես ընդամենը որպես եկեղեցական, որպես Սուրբ Էջմիածնի միաբան, որպես պարզ հայ հավատացյալ կարող եմ ասել՝ անհեթեթ, անիմաստ հարցեր, հարցադրումներ, մտածումներ արտահայտելու կարիքը չկա։ Վեհափառ Հայրապետին, Ամենայն հայոց, ազգընտիր և օծյալ Հայրապետին որևէ մեկը՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ կանոնական իրավունք չունի հեռացնելու։ Սա այնպիսի հարց է, որ քննարկման ենթակա չէ։ Եթե մեկը հոգեխանգարմունք ունի և կարող է նման հարցեր բարձրացնել, նման հարցեր քննարկել, նման հարցեր հետապնդել, ես ասելիք չունեմ, մեկնաբանելու բան չունեմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder