Ի՞նչ ենք շնչում. Մասնագետներն ահազանգում են օդի աղտոտվածության վտանգների մասին
Հասարակություն
14:47 27/11/2025
Հայաստան

Ի՞նչ ենք շնչում. Մասնագետներն ահազանգում են օդի աղտոտվածության վտանգների մասին

«Երևանում օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է»։

«Ասել, որ մենք խայտառակ կեղտոտ օդ ենք շնչում, քիչ է, այսօր օրինակ մենք թունավոր օդ ենք շնչում, չեմ հասկանում ինչ հոտով, ինչ ծխի խեղդող թույնով......հետո էլ զարմանում ենք երիտասարդ մահերի վրա...»։

«Տանից դուրս ես գալիս և զգում ես, որ օդն այնքան ծանր է ու անտանելի, որ նույնիսկ աչքերդ են մրմռում ու հազդ է գալիս, էլ չեմ խոսում գարշահոտի ու խանձիրի մասին»։

«2 ամիս Երևանում չէի, կարոտած հետ եկա, ու քաղաքս դիմավորեց PM2.5-ի WHO-ի տարեկան թույլատրելի սահմանից միջինում 17 անգամ ավելի աղտոտված օդով։ Մտածեցի՝ հասնեմ տուն,  օդը մաքրող սարքը գազ տամ, եկա՝ պարզվեց ամբողջ օրը լույս չկա»։

Սոցիալական ցանցերում աղտոտված օդի, դրա բացասական հետևանքների մասին ահազանգում են Երևանի բնակիչները, բժիշկները, բնապահապաններն ու այլք։ Արդեն մի քանի օր մայրաքաղաքի բնակիչները կապույտ երկինքը տեսնելու հնարավորութուն չունեն։ Տեսախցիկները ֆիքսում են մշուշ հիշեցնող աղտոտված օդը։



«Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել»,-պատճառների մասին նշում են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 «Հիդրոմետեորոլոգիայի և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ Երևան քաղաքում, հատկապես կենտրոն վարչական շրջանում, նոյեմբերի 17-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,4–4 անգամ։ Երևանի չորս վարչական շրջաններում՝ Կենտրոնում, Արաբկիրում, Նոր Նորքում, Շենգավիթում տարբեր օրերի ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել  է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Ի վերջո, ի՞նչ են շնչում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը։

Որպեսզի հասկանանք օդի աղտոտվածության պատճառը, պետք է հասկանանք՝ ինչով է աղտոտված օդը։  Panorama.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ Լևոն Գալստյանը՝ ընդգծելով, որ օդի որակի բավարար ծավալով ու պարամետրերով ուսումնասիրություն չի իրականացվում։

«Աղտոտման աղբյուրները բազմազան են. մեքենաներ, շինարարություն, որն ակնհայտ փոշու աղբյուր է, ոչ մետաղական բազմաթիվ հանքավայրերը, բայց դրանք ճիշտ հասկանալու համար պետք է ունենալ հստակ տվյալներ։ Մենք այսօր ունենք տվյալներ պետական լիազոր մարմնի կողմից, որն ընդամենը 3 պարամետրերով է, դա հնարավարություն չի տալիս ճիշտ գնահատական տալ։ Պետք է ունենալ ելակետային մեծ քանակությամբ վստահելի տվյալներ։ Օրինակ՝ Կենտրոնում կարծեմ 2 տեղ կա սարք տեղադրված, բայց կարելի էր 15 կետում ունենալ։ Առանց համապարփակ տվյալների լուրջ եզրակացություններ հնարավոր չէ անել»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ օդի աղտոտվածության մակարդակի բարձրացումը պայմանավորված է նաև Երևանի դիրքով և սեզոնով։

«Արարատյան դաշտը գտնվում է գոգավորության մեջ, Երևանը ևս։ Դա բնական պրոցես է, քանի դեռ սեզոնն այնպիսին է, որ լեռնահովտային քամիները կան, գարնան կեսերից մինչև սեպտեմբեր այդ քամիները ամեն երեկո սառը օդ են բերում, այստեղի աղտոտված օդը փոխարինվում է թարմ օդով։ Այժմ սեզոնով պայմանավորված ամբողջ ձմեռ կարող է քամիները չլինեն։ Դրան էլ ավելանում է աղբավայրերի և բոլոր տեսակի բուսական մնացորդների այրումից առաջացած ծուխը։ Ոչ միայն տերևների մասին է խոսքը, այլև  Արարատյան դաշտում արտերը վարելուց հետո ծղոտը, մնացորդները այրում են։ Դա հետամնաց մոտեցում է»,- նշեց Գալստյանը։

Օդի աղտոտվածությունը առաջին հերթին խնդիր է դառնում խրոնիկ, թոքային հիվանդություններ, բրոնխիտ, ասթմա ունեցողների համար։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ ալերգոլոգ Սևան Իրիցյանը։

«Պետք է փորձել խուսափել աղտոտված օդից, տանն ունենալ օդը մաքրող ֆիլտրեր, աշխատել երկար չգտնվել դրսում, հատկապես աղտոտված տեղամասերում։ Եթե հնարավոր չէ, ապա հատկապես խոցելի խմբում գտնվողները պետք է կրեն դիմակներ։ Մարդիկ, ովքեր ունեն խրոնիկ խնդիրներ, աղտոտված օդի պատճառով կարող է դիտվել ինքնազգացողության վատացում, որն էլ իր հերթին կարող է բերել ուշադրության պակասի»,- նշեց Իրիցյանը՝ ավելացնելով, որ աղտոտված օդը կարող է հանգեցնել նաև նյարդային խնդիրների։

Մասնագետի խոսքով՝ պացիենտների կտրուկ ավելացում այժմ չունեն, բայց երկարաժամկետ կտրվածքով սա կարող է առողջապահական համակարգում ծանրաբեռնվածություն առաջացնել։

«Խրոնիկ հիվանդություններ ունեցողները շատ լավ գիտեն, որ պետք է խուսափեն կեղտոտ օդով լցված տարածքում գտնվելուց, դեղաչափերն են ավելացնում։ Այնուամենայնիվ, աստիճանաբար, աննկատ ձևով օդի աղտոտվածությունը կարող է ծանրաբեռնել առողջապահական համակարգը, օրինակ՝ թոքաբորբերի կամ այլ նմանատիպ խնդիրների ձգձգումով։ Հիմա վիրուսային վարակների սրացման սեզոնն է, ու դրանց առողջացումը կարող է ավելի դանդաղ ընթանալ»,-առողջական հնարավոր խնդիրներն ու վտանգները թվարկեց բժիշկը։

Նա խորհուրդ է տալիս նվազեցնել տան ներսի աղտոտվածության պատճառները ու հնարավորինս քիչ գտնվել դրսում։

«Տանը պետք է չծխելը, փոշին վերացնել, գազօջախները քիչ օգտագործելը, դրանք ևս օդը կեղտոտում են, հարկավոր է ստուգել օդափոխության համակարգը և օդը խոնավեցնող, զտող սարքեր կիրառել»,- ասաց մասնագետը։

Օդի աղտոտվածությունն առողջապահական հավելյալ  ծախսեր է առաջացնելու քաղաքացիների համար։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծքով՝ այս տեսանկյունից խնդիրներ են առաջանում մարդկանց համար նաև որպես սպառող։

«Մենք Երևանում ունենք բնապահպանական աղետ, բայց եթե մի փոքր հեռու ենք գնում, հասկանում ենք, որ միայն Երևան քաղաքում չէ։ Դա կարող է տարբեր գործոններով պայմանավորված լինել. աղբի վերամշակման խնդիրներ, հաստաբուն ծառերը դեկորատիվ ծառերով փոխարինել, շինարարությամբ, ենթակառուցվածքների բացակայության պայմաններում բնակֆոնդի ավելացմամբ։ Ընդամենը պետք է համեմատություն անցկացնել օնկոլոգիայի վիճակագրության մեջ Հայաստանի և աշխարհի մյուս երկրներում։ Հարցեր պետք է ուղղել առողջապահության նախարարությանը։ Սա սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր, մասսայական բնույթ կրող խնդիր է, պարզապես մի մասը ուղիղ առնչություն ունենում է, մյուս մասը՝ ինչ-որ ժամանակ չի ունենում»,- նշեց Պիպոյանը։

Անդրադառնալով լուծումներին՝ Պիպոյանը նշեց, որ խնդիրներն այնքան բազմագործոն են, որ դրանց լուծումներն էլ են շատ տարբեր։

«Մեզ մոտ պետական  համակարգն ամբողջ ռեսուրսն ուղղում է քաղաքացու համար պատկեր ստանալու ուղղությամբ, ոչ թե գործում է ի բարօրություն հասարակության։ Օրինակ, ինչո՞վ է զբաղված հանրային առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակող կառույցը՝ ռիլլեր նկարելով, նկարահանվելով, և համապարփակ առողջապահության հետ կապ չունեցող փաթեթը ներկայացնելով»,- նշեց նա։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder