Պարտք ու պահանջի, հայհոյանքի խնդիրներ են եղել. Նոյեմբերյանի քոլեջի տնօրենը՝ ծեծի ենթարկված ուսանողի մասին
Իրավունք
13:35 28/11/2025
Հայաստան

Պարտք ու պահանջի, հայհոյանքի խնդիրներ են եղել. Նոյեմբերյանի քոլեջի տնօրենը՝ ծեծի ենթարկված ուսանողի մասին

Օրերս անչափահասների մասնակցությամբ դաժան ծեծի վերաբերյալ տարածված տեսանյութը մեծ արձագանք է գտել և մտահոգություններ առաջացրել հանրության շրջանում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են Զորական գյուղի դպրոցի 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները ծեծի ու խոշտանգումների ենթարկում Նոյեմբերյանի պետական քոլեջի մի ուսանողի։

Տղային ծեծի ենթարկած անչափահասներն այժմ ազատության մեջ են։ Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով։ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Դատարանը նրանցից երեքին 1 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, մեկին՝ 20 օրով, սակայն ժամկետը լրանալուց հետո որոշել է ազատ արձակել նրանց։ Միայն 1 անձի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և ստորագրություն՝ չհեռանալու վերաբերյալ։ Մյուսների նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ։

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին, դասերից հետո քոլեջի տարածքից հեռու՝ Նոյեմբերյանի կենտրոնում։  Panorama.am-ին մանրամասներ պատմեց Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանը։

Քոլեջի տնօրենի խոսքով՝ ուսանողը, որը ծեծի է ենթարկվել, դեպքից հետո որևէ մեկին չի պատմել կատարվածի մասին և դասերից չի բացակայել։

«Ինքը միշտ դասի է եկել, չի բացակայել, մինչ օրս էլ նորմալ դասի է գալիս։ Քոլեջում արևային էներգիա է ուսումնասիրում։ Խնդրահարույց երեխա չի եղել։ Ես տեսանյութն եմ տեսել, իմացել եմ, երբ սկսել է շրջանառվել, ոստիկանությունն է սկսել զբաղվել։ Ինքը ոչ մեկին չի ասել, անցել, գնացել է, մոտ ամիսուկես, երկու ամիս հետո են մարդիկ իմացել։ Ծնողների հետ խոսել ենք, ծնողն էլ տեղյակ չի եղել, տեսանյութից է իմացել՝ ինչքանով որ ես գիտեմ»,- պատմեց  Նազարյանը։

Հարցին, թե որն է եղել կռվի պատճառը, քոլեջի տնօրենը նշեց, որ շատ մանրամասների չի տիրապետում։

«Երբ կանչել ենք զրուցելու, ասել է՝ իմ մեղքը որն է, ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել, իրենք նկարել, իրենք տեսանյութը տարածել են։ Ինչ-որ պարտքուպահանջի, հայհոյանքի խնդիրներ է եղել և այլն, բայց մանրամասներն ինքն էլ չի պատմում ինձ։ Երևի ասել են՝ ուրիշ տեղ ոչինչ չասի, նախաքննական գաղտնիք է, չի ասում։ Հայր, մայր ունի, քույր ունի, նա էլ է մեզ մոտ սովորում, խելոք երեխա է։ Երկուսն էլ անվճար են սովորում»,- պատմեց Նազարյանը։

Նրա խոսքով՝ հոգեբանի հաստիք չունեն, բայց քոլեջի մանկավարժները զբաղվում են երեխայի հետ։ Տղան անապահով ընտանիքից է, փորձում են նաև հագուստով օգնել։

«Մենք բոլորս էլ մանկավարժ ենք, աշխատում ենք իր հետ։ Ինքը խնդիր չունի, շատ պարզ, ակտիվ երեխա է։ Ինքը դրանից ոչ ընկճվել է, ոչ էլ այլ բան։ Դա սեպտեմբերին է եղել, ծնողն իմացել է հոկտեմբերի 31-ին։ Ինչքանով տեղյակ եմ՝ ծնողը դիմում է գրել ոստիկանությունում։ Անապահով ընտանիք են, մենք քոլեջով ժամանակ առ ժամանակ հագուստ ենք նվիրաբերել, կոշիկ, տեսել ենք՝ պատառված, նորմալ հագուստ չունի երեխան, փոքրացած, ոչ շատ հնամաշ հագուստ ենք ունեցել, տվել ենք։ Մենք բոլորի դեպքում, երբ տեսնում ենք օգնության կարիք ունեն, օգնում ենք։ Իրեն առավել ևս, որ տեսնում ենք՝ պատռված շոր, կոշիկ, օգնում ենք։ Այս օրերին էլ դասի գալիս է»,- ասաց Նազարյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Panorama.am-ի հետ զրույցում տեղի ունեցածը խայտառակություն է որակում։ Նշում է, որ սա միայն իրավապահների խնդիրը չէ։

«Ուսուցչական կազմի, դպրոցի, ընտանիքի ու առհասարակ հանրության ներսում ատելության մթնոլորտի աննկարագրելի, անչափելի վիճակն է սա բնութագրում։ Հնարավոր չէ պատկերացնել, որ այսչափ ատելությունը օդի մեջ ցնդեր ու արձագանք չստանար։ Արդեն երկար ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչները խոսում ու քննադատում են, որ Ազգային ժողովի հարթակներից, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչեցրած խոսքը չի կարող անհետևանք մնալ։ Հասարակությունը փոքր երեխայի նման է, ինչ վարքագիծ տեսնում է, այն ընդօրինակում է, ու շատ հաճախ ընդօրինակում է իր գիտելիքների, պատկերացումների շրջանակներում, ու դա ստանում է այլանդակ դրսևորումներ»,- նշեց Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե երկրում ղեկավարության մակարդակով այս ատելության խոսքի տարածումն ու ագրեսիան շարունակվի, շատ ավելի ծանր դեպքերի կարող ենք ականատես լինել։

«Այդ դեպքերը առաջին հայացքից պատահական են թվալու, բայց իրականում սրանք հետևանքն են այն խոսքի, այն ընտրովի արդարադատության, որ մենք ունենք արդեն անհիշելի ժամանակներից։ Սա շատ լուրջ խնդիր է, այստեղ պետք է հոգեբաններ, մանկավարժներ աշխատեն, սա դաստիարակության, ներքին կրթվածության խնդիր է։ Մի քանի հոգով հարձակվել, մեկին ծեծի ենթարկելը խայտառակություն է։ Դա անգամ տղայական վարքագիծ չէ։ Մարդիկ դաստիարակել են ոչ քաղաքացի, ոչ մարդ, տղամարդ էլ չեն դաստիարակել։ Սա առաջին դեպքը չի, անընդհատ կրկնվող է, մինչև անգամ մահվան դեպքեր են լինում։ Սա պետք է կասեցնել, բայց դա հնարավոր է միայն սեփական օրինակով։ Այդ ատելության խոսքը, մեկը մյուսին վիրավորելը, ստորացնելը, հանրային վայրերում պաշտոնյաների վարքագիծը, խոսքը փոխելը պարտադիր պայման է, այլապես սա ընկալվում է որպես նորմալ, ադեկվատ, ցանկալի, ողջունելի վարքագիծ»,- նշեց Նինա Կարապետյանցը։

ՆԳՆ ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ նշված դեպքով շարունակում են միջոցառումները, գործողություններ են ձեռնարկում հետագա հնարավոր հետևանքներով միջադեպերը կանխելու ուղղությամբ։

Նշենք նաև, որ ըստ համացանցում տարածված տեղեկությունների, տեսանյութում, ծեծի ենթարկող աշակերտներից մեկը  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու Ռուբեն Գասպարյանի որդին է։ Արդյոք սա կազդի նրա պաշտոնավարման վրա։ Panorama.am-ի հարցին ի պատասխան Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից մեկնաբանություն չտվեցին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder