Կարծում եմ՝ պարտադրանքի, ճնշման, կոմպրոմատների, շանտաժի տակ են արել. Տեր Վրթանեսը՝ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների մասին
Հասարակություն
15:23 28/11/2025
Հայաստան

Կարծում եմ՝ պարտադրանքի, ճնշման, կոմպրոմատների, շանտաժի տակ են արել. Տեր Վրթանեսը՝ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների մասին

«Մենք ուզում ենք, որ Վեհափառ Հայրապետն արդարացի կամ ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների,  շանտաժի, ահաբեկման, նաև սուտ խոստումների  զոհ են դարձել»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ խոսելով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների մասին։

Տեր Վրթանեսը նույնիսկ երեկ տարածված հայտարարությունը չի համարում, որ այդ հոգևորականների ազատ կամարտահայությունն է եղել. «Կարծում եմ՝ իրենք այդ հայտարարությունն արել են պարտադրանքի, ճնշման, կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման տակ»։

Նա նշեց, որ եթե առանց Վեհափառ Հայրապետի գիտության Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման են գնացել, արդեն իսկ ապօրինություն է. «Նման իրավունք չունեին, նման ֆորմատով, առանց Հայրապետի գիտության, եթե այդ հանդիպման են գնացել, հայտարարություն հրապարակել, դրա իրավունքը չունեին»։

Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը  շատ հոգևորակաների մեղադրում է  կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, Տեր Վրթանեսը պատասխանեց. «Կոնկրետ իր  հետ հանդիպածներին է մեղադրում»։ Անուններ չհրապարակեց։ 

«Այն բոլոր հայտարարությունները, որոնք վարչապետն անում էր Ազգային ժողովի ամբիոնից, թշնամանք, ատելություն տարածում  եկեղեցու նկատմամբ, այն բոլոր հայտարարություններն ու կոմպրոմատները վատ եկեղեցականների մասին,  իր շուրջ էին հավաքվել։ Ինչ-որ առումով վարչապետն այդ հանդիպումով մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, որոնք իրենց կարգին համապատախան չեն»,- ասաց նա։

Հարցին՝ կարգալո՞ւյծ են արվելու Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները, Տեր Վրթանեսը պատասխանեց. «Արդարացի որոշման դեպքում կարող են դուրս գալ, բայց Վեհափառ Հայրապետը կարող է  ողորմած լինել, Վեհափառ Հայրապետի իրավունքների մեջ է, եթե զղջան, ներողություն խնդրեն, կարծում եմ, Վեհափառ Հայրապետը կարող է նաև ներողամիտ լինել»։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածված մի գրության լուսապատճենի, որը վերագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներին։ Ըստ այդ գրության, փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, նշվում է, որ «վարքագիծն անհամատեղելի է Հայ եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը»։ 

Երեկ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հանդիպման է հրավիրում Սրբազան Հայրերին։ Հենց երեկոյան Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հանդիպեցին Փաշինյանի հետ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարծում եմ՝ պարտադրանքի, ճնշման, կոմպրոմատների, շանտաժի տակ են արել. Տեր Վրթանեսը՝ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների մասին