Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում կին իրավապաշտպանների առջև դեռ շարունակում են ծառացած մնալ մի շարք խորքային ու համակարգային խնդիրներ
Նոյեմբերի 29-ին ամբողջ աշխարհը նշում է Կին իրավապաշտպանների օրը։
«Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ն օրվա առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Օրը նվիրված է այն կանանց, ովքեր իրենց ձայնը բարձրացնում են արդարության, հավասարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար։
Այսօր, երբ հակագենդերային ու հակաֆեմինիստական շարժումները ավելի ու ավելի են ուժեղանում, կին իրավապաշտպանները կանգնած են կրկնակի ճնշումների առաջ։ Նրանք հաճախ դառնում են թիրախ՝ ստանալով թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական սպառնալիքներ, ենթարկվելով վարկաբեկման, հետապնդման կամ լռեցման փորձերի։
Այս օրը մենք շնորհավորում ենք բոլոր կին իրավապաշտպաններին՝ նրանց, ովքեր համայնքներում, կազմակերպություններում, դատարաններում, փողոցներում ու առցանց հարթակներում ամեն օր առաջ են տանում փոփոխություն և պայքարում հանուն հավասարության։
Հայաստանում էլ կին իրավապաշտպանների առջև դեռ շարունակում են ծառացած մնալ մի շարք խորքային ու համակարգային խնդիրներ։ Հակագենդերային քարոզչությունը հաճախ ուղղված է լինում նաև հենց կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին։ Նրանք բախվում են թվային բռնության, սպառնալիքների, անձնական տվյալների տարածման, լռեցման նպատակով կազմակերպված արշավների և վարկաբեկման փորձերի։
Բացի դրանից՝ հանրային և քաղաքական դաշտում կանանց ներգրավվածությունն ու անվտանգությունը լիարժեք ապահովված չեն։ Սոցիալական կարծրատիպերը, գենդերային հիմքով բռնությունը, ինչպես նաև ընտանեկան բռնության նկատմամբ ցուցաբերած անբավարար արձագանքը շարունակում են խոչընդոտել կանանց և նրանց պաշտպանությամբ զբաղվող մասնագետների աշխատանքը։
Չնայած այս ամենին, հայ կին իրավապաշտպանները շարունակում են պայքարել ավելի արդար, հավասար և անվտանգ հասարակություն կառուցելու համար։
Շնորհակալ ենք ձեր նվիրվածության, ձեր ձայնի, ձեր պայքարի և այն ճանապարհի համար, որը հարթում եք ապագա սերունդների համար»։