Գիտելիքների ստուգումը ՝ հիմնված անգիրի վրա, աբսուրդ է․բողոք՝ ատեստավորման թեստի սխալների վերաբերյալ
Կրթություն, գիտություն
13:10 29/11/2025
Հայաստան

Գիտելիքների ստուգումը ՝ հիմնված անգիրի վրա, աբսուրդ է․բողոք՝ ատեստավորման թեստի սխալների վերաբերյալ

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ պատրաստվում են կրկնակի բողոքարկման նամակ ուղղել ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոն՝ հասարակագիտության կամավոր ատեստացիայի թեստի սխալների վերաբերյալ։ Կոմիտեի այս հայտարարության հիմքում ՝ ուսուցիչների կողմից ուղարկված  բողոք-նամակներ են։

«Հասարակագիտություն  առարկայի վերաբերյալ նամակ էր ուղարկվել  շուրջ 300 ուսուցչի ստորագրությամբ, ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։ Որպես կանոն ուղղորդում եմ, որ բողոքարկումը պետք է ուղարկվի Գնահատման և թեստավորման կենտրոն, որովհետև իրենք են զբաղվում թեստերով։ Բացի դրանից, որպես պատասխանատու մարմին Կրթության գիտության և սպորտի նախարարությունը ևս պետք է ստանա այդ նամակը։Մենք ստացել ենք առաջին բողոքարկման պատասխան նամակը, որի պատասխանի բովանդակությունն էլ չի բավարարել ուսուցիչներին։ Այն  չի համապատասխանել թեստերի պատասխաններին  հասարակագիտության առարկայից,  դասագրքի մեջ զետեղված նյութերի և թեստերի պատասխանների միջև եղել են անհամապատասխանություններ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Արմինե Դավթյանը։

 Հարցին , թե արդյո՞ք ուսուցիչները պատրաստվում են իրավական հարթությունում նմանօրինակ խնդիրներին լուծում տալ, Դավթյանն արձագանքեց․ «Մեր օրենսդրական դաշտը այդ հնարավորություն չի ընձեռում, որ ատեստավորման հետ կապված բողոքարկումները իրավական կարգավորմամբ լուծվեն։ Այստեղ բողոքն ըստ ընթացակարգի է արվում։Եվ պարտավոր են կազմակերպիչներն իրենց սխալներն ուղղեն՝ համապատասխան միավորներ բարձրացնելով։ Մենք, դա ենք ակնկալում, իսկ  իրավական կարգավորման հետ կաված  բազմաթիվ անգամ  առաջարկներ, դիմումներ եղել են։ Արդեն իսկ այդ ատեստավորման գործընթացը «Կրթության մասին» օրենքում ատեստավորմանը վերաբերող բազմաթիվ դրույթների խախտումով է արվում, բայց ոչ մի արձագանք, որպես այդպիսին, չեղավ»

 Ըստ նրա՝ թեև ասվում է՝ «ուսուցիչների կամավոր մասնակցություն», բայց իրականում այն պարտադիր է,  կամավոր սկզբունքով չի իրականացվում։

«Այս առումով  շատ ուսուցիչների բողոք տեղ չի հասնում, անում են այն՝ ինչ ուզում են։ Կամ էլ բողոքները տեղ հասնում են, բայց այդ բողոքներին ճիշտ լուծում չի տրվում։ Սա համակարգային խնդիր է։ ԳԹԿ-ի կողմից կազմված թեստերը փոձաքննության չեն ենթարկվում, անմիջապես մտցվում է ատեստավորման։ Այնինչ, մի քանի մասնագիտական աչքով պետք է ուսումնասիրվել՝ տեխնիկական, լեզվաոճաբանական, մասնագիտական։ Ես ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է թեստերի հետ կապված այդքան սխալներով խնդիրներ առաջանում։ Ատեստավորումն ուսուցիչներին այնքան է ծանրաբեռնել, որ պատկերացնել հնարավոր չէ։ Մարդիկ ասում են՝ չեմ ուզում, եթե անունը դրել եք՝ կամավոր, չեմ ուզում մասնակցել։ Փաստացի ստիպում են՝ թողնել մանկավարժական ստեղծագործական աշխատանքն ու 50-60 տարեկան մարդիկ սկսում են սերտել բուհական գիտելիքները, որոնք ընդհանրապես չեն օգտագործում իրենց մասնագիտական գործունեության մեջ։  Պետք է հաշվի առնել տարիների աշխատանքի ստաժը, ներդրումը,անցած ճանապարհը, այլ ոչ թե՝ միայն «զուբրիտ» արած գիտելիքները։ Մի ամբողջ 15 էջանոց գիտական հիմնավորում եմ ուղարկել իրենց, որ պետք է հաշվի առնել անթրոպոլոգիան, երբ մասնագետների ատեստավորում եք անում։ Թեստը կամ միայն գիտելիքների ստուգման պրոցեսը ՝ հիմնված անգիրի վրա, աբսուրդ է»,- նշեց մեր զրուցակիցը։

Ատեստավորմանն առնչվող խնդիրներին տարիներ շարունակ լուծում չի տրվում։ Դավթյանի համոզմամբ՝ ատեստավորման գործընթացը գործիք է դարձել պատասխանատու մարմնի ձեռքին։

«Տպավորություն էր ստեղծվում, որ դա իրենց համար գործիք է, որ ուսուցիչներին «ապացուցեն», որ նրանք անգրագետ են, և միայն դրանով են ստիպված մոտիվացնել սովորելու։ Ուզում են պարզապես ուսուցիչներին ասել՝ սա չե՞ք դուք։ Էլ չեն ասում, որ շատերը տարիներով սերունդներ են կրթել, հիմա պետք է բուհական գիտելիքներ ստուգվեն՝ անգիր գիտե՞ն, թե՝ ոչ»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, «Ես՝ որպես դասախոս, դեմ եմ ինֆորմացիան անգիր հիշելու ձևին, որն այժմ նախատեսված է ուսուցիչների համար»։

Լուսանկարում՝ Արմինե Դավթյան

Ինչ վերաբերում է հասարակագիտության կամավոր ատեստացիայի թեստի սխալների վերաբերյալ ուսուցիչների բողոք-նամակին, ապա բողոք-նամակում նշված է․

«ԿՐԿՆԱԿԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ

Ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը

ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոն

Թեմա․ Հասարակագիտության կամավոր ատեստացիայի թեստի սխալների վերաբերյալ երկրորդ բողոքարկում

Հարգելի՛ տիկին նախարար,

Հարգելի՛ ԳԹԿ պատասխանատուներ.

Սույնով կրկնակի բողոքարկում եմ 2025 թ․ հասարակագիտության կամավոր ատեստացիայի թեստի վերաբերյալ Ձեր կողմից տրված պատասխանը՝ հիմնվելով կայացված որոշման մեջ առկա մի շարք բովանդակային, մեթոդաբանական և ընթացակարգային խախտումների վրա։ Ստացված պատասխանը չի վերացնում բուն խնդիրները, հակասում է ինչպես պաշտոնական ուղեցույցին, այնպես էլ դասագրքային հստակ սահմանումներին և գնահատման հավասարության սկզբունքներին։

Ներկայացնում եմ այն հիմնախնդիրները, որոնք պահպանվել են Ձեր պատասխանի արդյունքում և որոնք պահանջում են նոր, համապարփակ, լիարժեք վերանայում։

№ 1- ԲՈՂՈՔ․ Մտավոր գործողությունների վերաբերյալ առաջադրանքի բովանդակային սխալ

ա) Դասագրքային նյութը (Զանգակ, 8-րդ դասարան, 2024, էջ 101)

Դասագրքում հստակ նշվում է․

«Մարդը մտածում է մի շարք մտավոր գործողությունների միջոցով, որոնցից են

վերլուծությունը, համադրությունը, համեմատությունը, վերացարկումը և ընդհանրացումը»։

Այսինքն՝ ցուցակը ամբողջական և փակ է․ այն ներկայացնում է մտածողության հիմնական գործողությունների լիարժեք և ավարտուն շարքը։

Դասագրքում չկա որևէ նշում, որ գործողությունները «մի քանիսն են», «օրինակներ են» կամ «ընտրովի են»։

բ) Թեստային առաջադրանքը

Թեստում ներկայացված էր հետևյալ պնդումը․

«Մարդը մտածում է մի շարք մտավոր գործողությունների միջոցով, որոնցից են

վերլուծությունը, համադրությունը, վերացարկումը և ընդհանրացումը»։

Այսինքն՝ բացակայում է «համեմատությունը», որը դասագրքի համաձայն մտավոր գործողությունների պարտադիր տարր է։

Ուստի թեստում տեղ գտած պնդումը ոչ ամբողջական է, չի համապատասխանում դասագրքին, և չի կարող ընդունվել ճիշտ պատասխան։

գ) ԳԹԿ-ի պատճառաբանությունը

ԳԹԿ-ի պատասխանում նշվում է՝

«…«մտավոր գործողություններից են» ձևակերպումը չի նշանակում ամբողջական թվարկում, այլ կարող է ենթադրել մասնակի օրինակներ…»

«…նրանցից են, այլ ոչ թե գործողություններն են…»

«…թեստում թվարկվածները ճիշտ են, հետևաբար պնդումը համարվում է ճիշտ»։

Այսինքն՝ ԳԹԿ-ը պնդում է, որ թեստային թվարկումը կարող է ներկայացնել միայն օրինակներ, ոչ ամբողջական ցուցակ։

դ) ԳԹԿ-ի պատճառաբանության սխալը

1․ Դասագրքային ցուցակը ամբողջական է, ոչ թե մասնակի

Դասագրքում թվարկվում է․

վերլուծություն + համադրություն + համեմատություն + վերացարկում + ընդհանրացում։

Սա ներկայացված է որպես ամբողջական դասակարգում, ոչ որպես «մի քանի օրինակ»։

ԳԹԿ-ի լեզվաբանական մեկնաբանությունը չի կարող գերակայել դասագրքի պաշտոնական բովանդակությանը։

2․ Թեստը պարտավոր է ներկայացնել դասագրքային ամբողջական բովանդակությունը

Թեստի պնդումը դասագրքի ամբողջական սահմանման կրճատված տարբերակն է։

Մեկ տարրի բացակայությունը բավարար է այն դասագրքային ոչ համարժեք և մեթոդաբանական առումով թերի համարելու համար։

Հետևաբար՝ թերի պնդումը չի կարող համարվել ճիշտ, նույնիսկ, եթե առանձին բառերը ճիշտ են։

Պնդումը պետք է ամբողջությամբ համընկնի դասագրքին։

3․ ԳԹԿ-ի հիմնավորումը ենթադրություն է, ոչ մեթոդաբանական փաստարկ

ԳԹԿ-ի հիմնավորումը հիմնված է լեզվաբանական ենթադրության վրա

(«որոնցից են» = «կարող են լինել օրինակներ»), այս մեկնաբանությունը ոչ մի կապ չունի դասագրքային գիտելիք ստուգելու մեթոդաբանության հետ։

Գնահատման պաշտոնական մոտեցմամբ․

• չի ստուգվում լեզվաբանական հնարավոր ենթադրությունը,

• ստուգվում է դասագրքային ամբողջական գիտելիքը։

ԳԹԿ-ի հիմնավորումը մեթոդաբանական չէ և հակասում է գնահատման սկզբունքներին։

4․ Թեստային առաջադրանքի նպատակը ամբողջական գիտելիքի ստուգումն էր, ոչ մասնակի օրինակների

Թեստում օգտագործված «որոնցից են» ձևակերպումը թեստային առաջադրանքների կառուցվածքում ենթադրում է ամբողջական թվարկման ճիշտ ճանաչում։

Եթե դասագրքի շարքը 5 տարր ունի, իսկ թեստը տալիս է 4, ապա այն արդեն դասագրքային չէ, հետևաբար սխալ է։

Սխալի պատասխանատվությունը չի կարող վերագրվել մասնակից ուսուցչին․ այն թեստի կազմողական սխալ է։

ե) Եզրակացություն

• Թեստի պնդումը թերի է,

• դասագրքային չէ,

• չի արտացոլում ամբողջական դասակարգումը,

• և չի կարող համարվել ճիշտ։

ԳԹԿ-ի հիմնավորումն հիմնված է ենթադրության վրա և չի համապատասխանում գնահատման բովանդակային պահանջներին ու կրթական չափորոշիչներին։

Ուստի տվյալ պնդումը պետք է ճանաչվի սխալ, և գնահատումը՝ պետք է վերանայվի, հիմնվելով դասագրքային ամբողջական սահմանման վրա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder