Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա իհարկե զավեշտալի կլինի, երբ հանցանքի վրա բռնված կոռուպցիոները հայտարարում է ճակատ գնալու մասին. Քաղաքական վերլուծաբանը՝ Երմակի հայտարարության մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակը, ով կասկածվում է վերջերս բացահայտված խայտառակ կոռուպցիոն սկանդալի մեջ մասնակցություն ունենալու մեջ, հրաժարականի դիմումից հետո հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել ռազմաճակատ։ Արձագանքելով տարբեր ԶԼՄ-ներում տարածված այս տեղեկությանը՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը այն զավեշալի է որակում։
«Սա իհարկե արդեն լրիվ զավեշտալի կլինի, երբ հանցանքի վրա բռնված կոռուպցիոները հայտարարում է ճակատ գնալու մասին, ընդ որում պարզ չէ, թե հատկապես ո՞ր ճակատ, ճակատի ո՞ր հատված, ինչ անելու, եւ այլն:
Իհարկե Ուկրաինայում իրավիճակը զավեշտալի չէ, այլ ողբերգական: Այդ երկիրը ողբերգություն է ապրում, որքան էլ սա իհարկե որոշակի համառությամբ հրաժարվում են ընդունել օրինակ Հայաստանում մի շարք «երդվյալ արեւմտամետներ», որոնց համար սակայն Ուկրաինան ոչ թե ինչ որ էական հետաքրքրության առարկա է, այլ պարզապես «մասնագիտական ալիբի», որից հրաժարվել հնարավոր չէ, եթե անգամ Ուկրաինան դադարի գոյություն ունենալ անգամ ֆորմալ մակարդակով:
Ընդ որում, «մասնագիտական ալիբիի» այդ հետեւորդները չգիտես ինչու, կամ լավ էլ հայտնի է՝ թե ինչու, խիստ զայրանում են, երբ որեւէ մեկը մատնացույց է անում այն ողբերգությունը, որ անխոհեմ քաղաքական ղեկավարության եւ մնացյալ «բոմոնդի» պատճառով ապրում է այսօր Ուկրաինան: Եվ փորձում են այդ ակնառու փաստերի մատնանշումը «որակել» իբրեւ «ռուսամետություն»:
Դե, այս մերկապարանոց ոճն իհարկե արդեն վաղուց հայտնի է: Նաեւ հայտնի է, թե ինչու են զայրանում այդպիսի պարագաներում: Դարձյալ, դա ոչ թե ազնիվ զայրույթ է՝ Ուկրաինայի համար մտահոգությամբ, այլ կրկին՝ «մասնագիտական» է: Ցավոք, Հայաստանում «արեւմտամետությունը» եւս պարզապես «մասնագիտություն» է, այլ ոչ թե աշխարհայացք, արժեքային եւ գաղափարական երեւույթ, որը ինքնաբավ է ի բնե եւ կենսագործունեության համար կարիք չունի ինքզինք «ռսաստրկության» մասին «մանիֆեստներով» կամ բանալ հակառուսականությամբ սնուցելու:
Ցանկացած բան, որ ըստ էության իր խորոց է, ի բնե, չունի որեւէ «հակապատկերի» հաշվին գոյատեւելու կարիք, որովհետեւ կենսագործում է հենց իր ստեղծարար ներուժի հաշվին»,-նշում է Բադալյանը։