Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շանտաժով իշխանության հասածը շանտաժով էլ պահելու է իշխանությունը` միամիտների ծափողջյունների ներքո. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Մեծ գիտելիքներ պետք չէին հասկանալու համար, որ այս իշխանության համար ո'չ թե անհատներն են խնդիր, այլ ինստիտուտները, ավանդույթները, արժեքները։
Իշխանության գալու առաջին իսկ գործը գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ շինծու ներկայացումն էր, որը ուներ երկու հիմնական նպատակ` մեկը մարտավարական, իսկ մյուսը` ռազմավարական։
Մարտավարական նպատակը այդ պահին էյֆորիկ ազդեցության տակ գտնվող հասարակությանն առավել մոբիլիզացնել, առավելագույնս դեմոնիզացնելով նախկին իշխանությունների հետ կապված ամենաուժեղ և ազդեցիկ կերպարներից մեկին։ Ուղերձ հղել, որ կարող է ցանկացածին բարոյապես ոչնչացնել անգամ հնարված, բայց էմոցիոնալ ազդեցությամբ ներկայացված էպիզոդներով, ու այդ ամենը` ժողովրդի բացարձակ մեծամասնության ծափողջյունների կամ լուռ համաձայնության ներքո։
Դե իսկ ռազմավարական նպատակը` ԵԿՄ-ն դարձնել անատամ և հնազանդ կառույց, որն ապագայում Արցախի հարցի այս կամ այն կերպ լուծման դեպքում որևէ վտանգ չէր կարող ներկայացնել։
Մյուսը նախագահի ինստիտուտն էր։ Արմեն Սարգսյանի անձի հետ Փաշինյանը որևէ խնդիր չուներ, բայց նա խնդիր ուներ ունենալ իրեն հնազանդ նախագահ, ով առանց հարցնելու, առանց բացառությունների կստորագրեր ցանկացած փաստաթուղթ, լոյալություն կդրսևորեր գործադիրի ցանկացած, այդ թվում դավաճանական գործունեության նկատմամբ։ ԵՒ Փաշինյանը ստացավ նաև այդ ինստիտուտը։
Մեծ հաշվով Փաշինյանը խնդիր չունի ՀԱԵ այս կամ այն հոգևորականի իրական կամ երևակայական վարքի նկատմամբ։ Բայց նա խնդիր ունի ՀԱԵ ինստիտուտի հետ, որը «համարձակվել» է չհամաձայնվել այն ընթացքի հետ, որի դեմ պայքարել է Օսմանյան, Շահական կամ Ցարական կայսրությունների ժամանակ։ Հետաքրքիր է չէ՞...
Խորապես մոլորված են նրանք, ովքեր հավատում են, թե այստեղ արժեքների մասին է խոսքը։ Էապես կտրված են իրականությունից նրանք, ովքեր հավատում են, թե կոմպրոմատային պատերազմը արժեքային նորոգման մասին է։ Ավելին` Փաշինյանի համար վտանգավոր են հենց նրանք, ովքեր կոմպրոմատազերծ կենսագրություն ունեն, և հնարավոր չէ նրանց վրա ազդելու լծակներ գտնել։
Ի վերջո` շանտաժով իշխանության հասածը շանտաժով էլ պահելու է իշխանությունը` միամիտների ծափողջյունների ներքո։