Սրանից հետո ցանկացած լուծում կախված է լինելու Ալիևի ու Հաջիևի մեծահոգությունից. Սուրենյանց
Քաղաքական
17:18 01/12/2025
Հայաստան

Սրանից հետո ցանկացած լուծում կախված է լինելու Ալիևի ու Հաջիևի մեծահոգությունից. Սուրենյանց

«Մինսկի խմբի լուծարումը հետևանք էր, մինչ այդ կորցրել ենք գլխավոր բանը՝ Արցախը։ Մինսկի խումբը միրջազգային ինստիտուտ էր, որը զբաղվում էր ԼՂ խնդրի կարգավորմամբ։ 2022 թ. հոկտեմբերից Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն գնաց ԼՂ խնդրի փակմանը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն այսօր տարածել է հայտարարություն՝ մասնավորապես նշելով, որ ԵԱՀԿ-ն 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին, ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակումը, համաձայն Նախարարների խորհրդի MC.DEC/1/25 որոշման, որն ընդունվել էր 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո։

Քաղաքագետի խոսքով, Մինսկի խմբի փակմամբ Հայաստանը կորցրեց Ադրբեջանի հետ հարաբերություններում միջնորդներ ունենալու հնարավորությունը, քանի որ նրանք ՄԱԿ-ի անվտանգության  խորհրդի անդամ երեք միջուկային պետություններ էին, որոնց առաքելությունն էր հասնել խնդրի բալանսավորված լուծման։

«Հիմա միջնորդներ չկան բանակցային գործընթացում։ Դա բերում է միակողմանի նվաստացումների, ցանկացած լուծում կախված է լինելու ոչ թե ինստիտուտցիոնալ մեխանիզմներից, այլ Ալիևի կամ հիմա արդեն Հաջիևի բարեհոգությունից»,-ասաց նա։

Սուրենյանցն ընդգծում է, խմբի լուծարմամբ կորցնում ենք ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի ողջ պատմությունը, այն վերանում է և, ըստ էության, ինչքան էլ մեր ականջներին լսելը տհաճ լինի, սա ազդարարում է  Լեռնային Ղարաբաղի խնդրի փակման վերջին փուլը։

Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ  Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կետերից մեկով նշվում է. «Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։ 

«Ի՞նչ տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Ֆորմալիզացվեց, որ այլևս ԼՂ խնդիր չկա։ Ընդունվեց հռչակագիր, նախաստորագրվեց Խաղաղության պայմանագիր, որտեղ մեկ տող անգամ չկա ԼՂ խնդրի, կամ լավ դրա ժողովրդի իրավունքների մասին»,-ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, եթե Փաշինյանը հայտարարում է, որ այլևս ԼՂ խնդրով վեճ չունի Ադրբեջանի հետ, հետո դա ամրագրում է օգոստոսի 8 Վաշինգտոնում, ինչո՞ւ պետք է միջազգային որևէ դերակատար շահագրգռված լինի միջնորդության հարցում։

Մանրամասները՝  ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder