Կթանկանա՞ Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորափոխադրումը. Տուգանքների խնդրին միջանկյալ լուծում է տրվել
Հասարակություն
13:05 01/12/2025
Հայաստան

Կթանկանա՞ Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորափոխադրումը. Տուգանքների խնդրին միջանկյալ լուծում է տրվել

Երևան-Թբիլիսի-Երևան և հակակակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին Վրաստանի տարածքում տուգանելու խնդրին միջանկյալ լուծում է տրվել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Go2 ընկերության տնօրեն Արտյոմ Ասրիյանը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Թբիլիսիում Վրաստանի իրավապահները սկսել էին տուգանել ուղևորափոխադրումներ կազմակերպող հայկական ընկերություններին Վրաստանում լիցենզավորում չունենալու  հիմնավորմամբ։ Վարորդները նշում էին, որ տարիներ շարունակ իրենցից նման լիցենզիա չեն պահանջել, իսկ Վրաստանի օրենսդրության մեջ որևէ նոր փոփոխություն տեղի չի ունեցել։ Տասնյակ վարորդներ տուգանվել էին, ուղևորների տեղափոխումը Երևանից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ կազմակերպելու համար սահմանից տաքսի ծառայություններից էին օգտվում։ Այսինքն, ուղևորներին հասցնում էին մինչև Վրաստանի հետ սահման, այնտեղից նստեցնում տաքսիներ։

Արտյոմ Ասրիյանի խոսքով՝ այժմ միջանկյալ լուծում է տրվել ու ուղևորափոխադրումները կատարում են ինչպես նախկինում. այսինքն ընկերության մեքենան Երևանից ուղևորներին տեղափոխում է Թբիլիսի և հակառակ ուղղությամբ՝ առանց մեքենա փոխելու։ 

«Խնդիրը չի լուծվել,  այս պահին ժամանակավոր միջանկյալ տարբերակ է գործում։ Լիցենզավորման գործընթաց ենք սկսել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։ Մի քանի ընկերություններ Վրաստանում պետական մարմինների հետ պայմանավորվածություն են ձեռք բերվել, որ մինչև լիցենզավորման գործընթացի ավարտը մեզ չեն անդրադառնա։ Իսկ արդեն եղած տուգանքները բողոքարկվել են, ընթացքում է բողոքարկումը»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Նրա խոսքով՝ Վրաստանում լիցենզավորումը հավելյալ ծախսեր է ստեղծում, ինչը կանդրադառնա շուկայի վրա։

«Չեմ կարծում ծառայությունը թանկանա, ուղղակի շուկան կփոխվի մի փոքր»,- կարծիք հայտնեց Ասրիյանը։ 

Հիշեցնենք նաև՝ ուղևորափոխադրում կատարող ընբկերությունների ներկայացուցիչները նախորդ ամիս հանդիպում էին ունեցել ՏԿԵ նախարարության պաշտոնյայի հետ՝ ներկայացնելու ստեղծված խնդիրը։ 

Արտյոմ Ասրիյանի խոսքով՝ հանդիպումից հետո նախարարությունը որևէ կերպ կապի դուրս չի եկել։ 

«Կոնկրետ պատասխան չի եղել, ասել են՝ կքննարկենք, կվերլուծենք, կհասկանանք՝ ինչ պետք է անել, դրանից հետո ինչ-որ պատասխան չի եղել։ Հանդիպում է եղել, սպասել ենք պատասխանի, զրո արձագանք»,- ասաց Ասրիյանը։ 

Panorama.am-ը կապ հաստատեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ պարզելու, արդյոք ուղևորափոխադրողների հետ հանդիպումից հետո միջոցներ ձեռնարկվել են նրանց խնդիրը լուծելու ուղղությամբ։ 

«Վրաստանում տուգանվում են այն ընկերությունները, որոնք աշխատում են առանց լիցենզավորման։ Մեր դիրքորոշումը  հստակ է եղել, որ ապօրինի փոխադրումներ իրականացնողները չեն կարող նույն ոճով շարունակել։ Հանդիպումից հետո էլ քննարկում չի եղել»,- հայտնեցին նախարարությունից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կթանկանա՞ Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորափոխադրումը. Տուգանքների խնդրին միջանկյալ լուծում է տրվել