Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զեղծարարությունների նոր դեպքեր են գրանցվել, այս անգամ «Յունիբանկ»-ում
ԿԲ կողմից վերահսկվող առևտրային բանկերում հաճախորդները շարունակում են դառնալ զեղծարարությունների զոհեր։
«Բանկային համակարգում բացն այն մակարդակի է հասել, որ հնարավոր է՝ մարդը, ով չի այցելել այդ բանկ, անգամ չի հանդիսանում այդ բանկի հաճախորդ, տեղեկանա, որ իր անվամբ վարկ կամ ապառիկ է գրանցվել։ Ինձ առնվազն 2 անձ է դիմել, ովքեր տուժել են Յունիբանկի կարգավորումներից, ում պարագայում անձինք չեն այցելել բանկ և իրենց անունով վարկ է գրանցվել»,-օրեր առաջ ահազանգել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ կոչ անելով զեղծարարություններից տուժած քաղաքացիներին դիմել իրեն։
Նրա խոսքով, եթե բանկը վարկ է գրանցել անձի անունով առանց նրա իմացության, ապա այն պետք է չեղարկվի։
Panorama.am–ի հետ զրույցում «Յունիբանկ»-ից չհերքեցին, որ նման դեպք եղել է։
«Առևտրի կետում տեղի ունեցած զեղծարարության դեպքը բացահայտվել է հենց Յունիբանկի կողմից։ Բանկը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հարցը հնարավորինս արագ լուծելու և քաղաքացուն վարկային պարտավորությունից ազատելու համար։ Մենք կշարունակենք հետևողական լինել զեղծարարության դեպքերի կանխման և հաճախորդների շահերի պաշտպանության հարցում»,-ասացին բանկից՝ չհստակեցնելով, թե զեղծարարության քանի/ դեպք է գրանցվել։
Նշենք, որ հաստատված տեղեկություններով զեղծարարությունների զոհ են դարձել նաև «Արդշինբանկ»-ի, «Արցախբանկ»-ի, «Ինեկոբանկ»-ի հաճախորդները։
«Հանրային վերահսկողության» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարվա հունիսի 1-ից մինչ այժմ բանկային համակարգի միջոցով զեղծարությամբ քաղաքացիների անունով վարկերի ձևակերպման 7 բողոք են ստացել։
«Մինչև հունիսի 1-ը եղած դեպքերով մենք հաղթանակ էինք տարել, բոլոր վարկերը կասեցվել էին և հաշիվներից գողացված գումարները վերադարձվել։ Այս պահին 7 դիմում ունենք։ Հիմնականում եղել է՝ զանգել են, ասել են՝ Vivacell-MTS-ից են, 5G կարգավորումներն անելու համար տեղեկատվություն էին ուզում։ Ունեինք դեպք, որ քաղաքացին պնդում է, որ ոչ մի տեղեկություն չի տվել, բայց լինում է, որ իրենք տալիս են այլ գործարքների համար։ Ծուղակ է ստեղծվում, օրինակ՝ հարցում են անցկացնում, երբ քաղաքացին պատասխանում է հարցերին, սեղմում է «հաստատել» կոճակը, իրեն նամակ է գալիս՝ «եթե դուք էիք հաստատողը, այս թվերը հավաքեք», - մանրամասներ ներկայացրեց Մ. Կարագյոզյանը։
Նա այն համոզմանն է, որ զեղծարարության հետևանքով տուժած քաղաքացիներին պետք չէ մեղադրել։
Կարագյոզյանը հավեց, որ շատ լավ կլինի, որ քաղաքացիներն ինքնուրույն կարողանան իրենց անձնական տվյալները պաշտպանել, բայց կան դեպքեր, որ իրենք անզոր են, ու հենց դրա համար է, որ կան պետական ինստիտուտներն ու ուժային կառույցները, ովքեր պետք է իրենց լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկեն։