Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
10 տարվա հակառեկորդ. Հայաստանում ծնունդները նվազում են, բազմազավակներին տրվող միանվագ նպաստները՝ նույնպես
Կառավարությունը վերջին նիստերից մեկում հավանություն տվեց ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին, դրանց համաձայն, երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։
Հիշեցնենք, որ գործող օրենքով առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում էր միանվագ 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի համար՝ 1.5 միլիոն դրամ։ Ըստ նախագծի՝ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2026թ. սեպտեմբերի 1-ից։ 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ընտանիքներին յուրաքանչյուր ամիս՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը տրվում է 50 հազար դրամական աջակցություն։ Գործադիրի հավանությամբ, այս ծրագիրը դարձվեց անժամկետ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթեցումը՝ անկախ երեխայի կարգաթվից, առաջարկվում է որպես արդյունավետ միջոց ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։
Ստացվում է, որ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը էական չափով 500 հազար և 1 մլն դրամով կրճատվում է, չնայած այն հանգամանքին, որ այս տարի ծնունդների թվով Հայաստանը հակառեկորդ է գրանցել։ Վերջին 10 տարվա ընթացքում այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում ամենաքիչ ծնունդներն են գրանցվել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Panorama.am-ին տված հարցազրույցում երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթեցումը անընդունելի համարեց՝ ընդգծելով, որ աղքատության պատկերն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ սկսած երրորդ երեխայից ընտանիքի սոցիալական վիճակը վատանում է։
«Եթե մենք ընտանիքներում ունենք մոտավորապես 25 % աղքատություն, երեք երեխա ունեցող ընտանիքներում աղքատությունը 2 անգամ ավելի է, քան ընդհանուր, միջին պատկերը։ Այսինքն՝ երբ ընտանիքում կա 3 երեխա, այդ ընտանիքում ծախսերն ավելանում են, հետևաբար պետության սոցիալական աջակցությունը պետք է լինի ավելին»,- նշեց Առաքելյանը։
Նրա խոսքով՝ այստեղ նաև սոցիալական արդարության խնդիր կա. 3-րդ և 4-րդ երեխա ունեցողներն ավելի մեծ սոցիալական աջակցության կարիք ունեն, քան 1-ին և 2-րդ երեխա ունեցողները։
«Առաջին և երկրորդ երեխա ունեցողները շատ ավելի քիչ ունեն այդ 200 հազար դրամի կարիքը, քան երեք և չորս երեխա ունեցող ընտանիքները, որոնցից արդեն փաստացի 500 հազար և 1 մլն դրամ կրճատվում է։ Չպետք է դնել այս հակադրությունը։ Եթե որոշել էին, որ պետք է հավասար աջակցություն լինի յուրաքանչյուր երեխայի համար, ինչո՞ւ դարձավ 500 հազար դրամ, բոլորին կարող էին տալ 1 մլն կամ 1.5 մլն դրամ»,- նշեց Առաքելյանը՝ ընդգծելով, որ սոցիալական աջակցությունը պետք է լինի հասցեական։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 23 698 երեխա։ Համեմատության համար ներկայացնենք վերջին 10 տարվա առաջին 9 ամիսներին ծնված երեխաների թիվը.

Որո՞նք են պատճառները, որ Հայաստանում տարեցտարի ծնելիության մակարդակը նվազում է։ Որքանո՞վ են արդյունավետ ծնելիության ավելացմանն ուղղված պետական ծրագրերը։
«Կարևորագույներից մեկը ժողովրդագրական գործոնն է, որը պայմանավորված է վերարտադրողական տարիքի բնակչության թվում սեռերի հարաբերակցության խաթարմամբ։ Գործոններից են ամուսնությունների նվազումը, սոցիալ հոգեբանական և տնտեսական գործոնները։ Այս բոլորը բացասական միտում ունեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հետ։
Նշենք, որ օրեր ԱԺ նախագահի կողմից հրապարակված տվյալների համաձայն, միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։
Ռ. Եգանյանի խոսքով՝ տնտեսական գործոնը ևս բավականին լուրջ ազդեցություն ունի ծնելիության մակարդակի նվազման վրա։
«Ընտանիք կազմելը բավականին լուրջ քայլ է, երեխա ունենալը՝ էլ ավելի։ Դեռևս սովետական շրջանից մոտեցում կար, որ առաջին երեխան ազդում է ընտանեկան բյուջեի վրա ոչ շատ զգալի, երկրորդ երեխան՝ արդեն զգալի, երրորդ երեխան՝ շատ-շատ զգալի։ Այդ երեխաներին պահել է պետք, ծախսեր է պահանջում»,- նշեց ժողովրդագիրը՝ ընդծելով, որ իր կարծիքով պետության կողմից արվող ծրագրերը էական դրական դեր չեն խաղում ծնելիության աճի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։