Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
185 երեխա երեկ դպրոցներից տուն է ուղարկվել վիրուսի հետևանքով. ԿԳՄՍ-ից ասում են՝ բացակայությունները նորմայի սահմանում են
Դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանի ուսումնական հաստատություններից 185 երեխա «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում ուղարկվել է տուն։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
185 երեխաներից 77-ը տուն են ուղարկվել մայրաքաղաքի ուսհաստատություններից, մյուսները՝ մարզերից։
«Նոյեմբերի 3-ից Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդրվել է «համաճարակաբանական ֆիլտր», այսինքն՝ ուսումնական հաստատությունների մուտքի մոտ ջերմաչափում են իրականացնում, և սուր շնչառական վարակների ախտանշաններով երեխաներին տուն են ուղարկում։ 2025 թվականին հաստատվել է առողջապահության նախարարի հրամանը, որով եթե տվյալ ուսումնական հաստատությունը, նախադպրոցական հաստատությունը ունի ընդհանուր սովորողների, աշխատողների, ուսանողների 20 տոկոս և ավելի բացակայություններ, կարող է դիմել լիազոր մարմնին անցնելու հեռավար ուսուցման։ Նախադպրոցական ուսումնական հաստատության դեպքում կարող է դիմել փակվելու առաջարկով»,- նշեց Խաչատրյանը։
Բժիշկ-համաճարակաբանը տեղեկացրեց, որ այժմ հանրապետությունում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, ռինովիրուսի, ադենավիրուսի, բոկավիրուս և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ։
Արդյո՞ք այժմ կան ուսումնական հաստատություններ, որոնք դիմել են հեռավար աշխատելու կամ փակվելու առաջարկով և որքա՞ն է կազմել այսօր բացակայությունների թիվը Հայաստանում։ ԿԳՄՍ նախարարությունից ավելի ուշ հայտնեցին.
«ԿԳՄՍ նախարարությունն այսօր գրություն է ստացել Առողջապահության նախարարությունից, որով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառել «համաճարակային ֆիլտր»՝ հաշվի առնելով, որ վերջին շաբաթվա ընթացքում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ՝ հատկապես 0-18 տարեկանների շրջանում:
Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով ԿԳՄՍ նախարարարությունն ուսումնական հաստատություններին հանձնարարել է խստորեն հետևել «համաճարակային ֆիլտր»-ի իրականացման գործընթացին՝ հիվանդ երեխաների մուտքն ուսումնական հաստատություններ բացառելու նպատակով:
Դպրոցներին հանձնարարվել է նաև հիվանդության ախտանշանների հայտնաբերման դեպքում սովորողների համար կազմակերպել հեռավար ուսուցում՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մարտի 20-ի N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի» պահանջներով։
Միաժամանակ հայտնում ենք, որ վերջին օրերին ՀՀ հանրակրթական դպրոցներում բացակայությունների միջին ցուցանիշը չի գերազանցել սովորողների ընդհանուր թվի 15 տոկոսը, ինչը նորմայի շրջանակում է»։