Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
33–ամյա Գոհար Լևոնյանը Կոտայքի մարզի Բուժական համայնքից է։ Նրա մոտ վաղ հասակում ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված (ՄՈւԿ), տեղաշարժվում է անվասայլակով։ Դժվարությունները Գոհար Լևոնյանին չեն ընկճում, փորձում է աշխատել ու լիարժեք ապրել իր կյանքը՝ չնայելով ֆիզիկական անհարմարություններին։
«Մենք մեր ամեն իրավունքի համար քրտինք ենք թափում ծնված օրից, պայքարում կյանքի դժվարությունների, ընտանիքի կարծրատիպերի դեպ։ Ինձ համար փողն ու կացարանը մեկ են. կարևորը՝ գնամ-գամ աշխատանքի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Գոհարը։
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցումների բացակայությունը հաճախ է զգացնել տալիս։ Ասում է՝ համայնքում տրանսպորտը հարմարեցված չէ, ստիպված տաքսի ծառայությունից է օգտվում, դա էլ բավականին թանկ է։ Աշխատանք գտնելու հարցում ևս դժվարությունների է բախվում։
«Սոցիալական ձեռներեցություն եմ սովորել, ինչպես նաև տիրապետում եմ էջերի վարման և առևտրի հմտություններին։ Աշխատել եմ որպես զանգերի կենտրոնի օպերատոր։ Որպես երիտասարդ դասընթացավար մասնակցել եմ երիտասարդության և հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված օրենքների մշակման խմբերին, որոնք կազմված էին քաղաքացիական հասարակության կազմակերպություններից։ Նաև մատչելիության մոնիտորինգի մասնագետ-խորհրդատու եմ։ Կովիդի ժամանակ ես 3 տարի աշխատեցի օնլայն, և անգլերենի դասընթացներն էլ նույնպես հեռավար էին։ Սակայն հիմա, կարծես թե, միայն սովորելն է, որ կարելի է օնլայն՝ նույնիսկ սոցիալական ցանցերում էջ վարելու պարզ աշխատանքի համար պահանջում են օֆիսում ներկա լինել»,- նշում է Գոհարը։
Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։
Մայրաքաղաքում վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ստեղծելու հարցում որոշակի փոփոխություններ նկատվում են, Panorama.am-ի հետ զրույցում ասում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։ Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ մարզերում փոփոխությունները շատ ավելի դանդաղ են ընթանում։
«Երևանում հարմարեցված տրանսպորտի մասին կարող եմ ասել, որ շատ լավ է։ Այդ փոփոխությունները կարևոր են, բայց բավարար չեն, քանի որ դեռ շատ-շատ անելիքներ կան մայրաքաղաքում։ Մենք ունենք բազմաթիվ շենքեր,առևտրի կետեր, դեղատներ և այլն, որոնք անմատչելի են մնում և կարծես չկա ինչ-որ միտում, որ դրանք դառնան մատչելի։ Չկա ինչ-որ պետական ծրագիր։ Երբ այս հարցը բարձրացնում ենք, ասում են՝ դե սովետի ժառանգությունն է, բայց դա մի քիչ համոզիչ չէ։ Սովետի ժառանգությունն է նաև, օրինակ, Ամերիկյան համալսարանի շենքը, կամ Մոսկվա կինոթատրոնի շենքը, որոնք, ինչպես տեսնում ենք, ցանկության դեպքում դարձել են մատչելի»,- նշում է Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ Երևանի կենտրոնում կան գլխավոր փողոցներ, որոնք ամբողջությամբ հարմարեցված չեն։
«Օրինակ՝ Մաշտոցի պողոտան, բավականին շատ են տարբեր տեսակի հաստատությունները և շատ փոքրամասնություն է, որը որ քիչ թե շատ մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ես չեմ տեսնում նույնիսկ միտում, որ դրանք երբևէ կդառնան մատչելի»,- հավելեց Ալավերդյանը՝ ընդգծելով, որ մարզերում մատչելիության առումով ավելի վատ վիճակ է։ «Մարզերում, որքանով ես գիտեմ, ընդհանրապես հասարակական տրանսպորտը հարմարեցված չէ։ Դեռ շատ սակավաթիվ են թեքահարթակները և ոչ բոլորն են նորմատիվներին համապատասխանում»,- նշում է Ալավերդյանը։
Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը, Ալավեդյանը ոչ միայն առաջընթաց չի տեսնում, այլև հետընթաց է նկատում։
«Պետք են պետական լուրջ ծրագրեր և լուրջ աջակցություն։ Այստեղ ես, ցավոք, կարող եմ միայն արձանագրել հետընթաց։ Նախկինում գործում էին որոշակի մեխանիզմներ. օրինակ՝ գործում էր զբաղվածության մասին օրենքի քվոտաների դրույթը (թեև այն հաճախ չէր գործում), և գործում էին նաև պետական աջակցության ծրագրեր։ Դրանք բավականին արդյունավետ էին, կարող էին էլ ավելի լավ աշխատել. օրինակ՝ աշխատավարձի փոխհատուցում գործատուներին տրվող ծրագրերը կամ վերապատրաստման ծրագրերը։ Կարելի է ասել, որ հիմա գրեթե ոչ մի ծրագիր չի մնացել։ Գործում է միայն երկու բան՝ աշխատատեղի հարմարեցումը և որոշ հարկային նվազեցումներ, բայց դրանք չնչին դեր են կատարում և չեն հետաքրքրում պոտենցիալ գործատուներին»,-եզրափակում է Արմեն Ալավերդյանը։