Պետությանն ի՞նչ սպառնալիք էին ներկայացնում Սաղաթելյանն ու Սամսոնյանը, որ բարիլուսով նրանց տուն էր ներխուժել ԱԱԾ-ն. Գրիգորյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին
Իրավունք
16:38 03/12/2025
Հայաստան

Պետությանն ի՞նչ սպառնալիք էին ներկայացնում Սաղաթելյանն ու Սամսոնյանը, որ բարիլուսով նրանց տուն էր ներխուժել ԱԱԾ-ն. Գրիգորյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին

«Վերջերս տարբեր քրեական գործերի շրջանակներով մեկ էլ տեսնում ենք՝ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք հարիր չեն ծառայության գործառույթին»,-ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հիշատակելով իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևին գետնին պառկեցնելու և  ձերբակալելու փաստը։

 Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում է ԱԱԾ ստորաբաժանումը նման լիազորություն իրականացնում։

ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ իր ներկայացրած կառույցն իր իրավասության սահմաններում ապահովում է անձի, հասարակության և պետության անվտանգությունը և իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքներով։

«Հիմա խնդրում եմ ձեր ասածի տրամաբանության մեջ գնահատեք՝ գրառման համար հատուկ ջոկատայինները երբ մարդուն գետին են պառկեցնում, կամ երբ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի տուն են ներխուժում առավոտ բարիլուսով հատուկ ջոկատայինները, խնդրում եմ ինձ ներկայացրեք, թե կոնկրետ այդ անձինք պետությանը ինչպիսի սպառնալիք էին ներկայացնում, որ օրինակ սովորական ոստիկանական ուժերի ծանուցմամբ ներկայանալու տրամաբանությունը չի գործել։ Այսինքն, ուզում եմ հասկանալ, թե այդ երբվանից է ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները դառնում ուղղակի գործիք, մահակ, մարդկանց սպառնալու և վախի մթնոլորտ տարածելու համար՝ եթե խոսքը չի վերաբերում ահաբեկչությանը, պետական գլոբալ անվտանգությանը, այլ խոսքը ստատուսի համար մարդուն գետնին պառկեցնելու մասին է»։

Եսայի Մկրտչյանն ասաց, թե արդեն պատասխանել է հարցին։

Աննա Գրիգորյանն իր ելույթում արձագանքեց. «Քանի որ ԱԱԾ դարձելէ մահակ քաղաքական հակառակորդների դեմ, բնականաբար դուք չէիք կարող պատասխանել իմ այն հարցին, թե ինչու է «Ալֆա» կամ «Ա» ջոկատը գնում ստատուս գրողի հետևից։ ԱԱԾ պատիվը, հեղինակությունը չի կարելի այդքան իջեցնել, որ ստատուս գրելու համար «Ալֆա» ջոկատ ուղարկվեր ինչ-որ տեղ։ Հակատեռորիստական գործողություն չէիք իրականացնում, պետական անվտանգության սպառնալիք չէիք չեզոքացնում։ Ընդամենը ստատուս գրելու համար «Ալֆա» ջոկատ նրա հետևից ուղարկելը ուղղակի նշանակում է ԱԱԾ հեղինակությանը հարվածել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետությանն ի՞նչ սպառնալիք էին ներկայացնում Սաղաթելյանն ու Սամսոնյանը, որ բարիլուսով նրանց տուն էր ներխուժել ԱԱԾ-ն. Գրիգորյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին