Ժողովրդի մի մասը բոյկոտում է, իրենք էլ օգտվում են դրանից. Մ.Մանուկյանը՝ քաղաքապետարանին 3 մլրդ դրամ հատկացնելու մասին
Տնտեսություն
10:00 03/12/2025
Հայաստան

Ժողովրդի մի մասը բոյկոտում է, իրենք էլ օգտվում են դրանից. Մ.Մանուկյանը՝ քաղաքապետարանին 3 մլրդ դրամ հատկացնելու մասին

Երևանում քաղաքացիների մի մասը բոյկոտում է հանրային տրանսպորտի թանկացումն ու հրաժարվում է վճարել ուղևորափոխադրման դիմաց։ Panorama.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասաց՝ քաղաքային իշխանություններն օգտվում են դրանից, իրենք էլ ինչքան կարողանում, թալանում են, ու դրա պատճառով է, որ չեն կարողացել նախատեսված գումարը հավաքել։ 

Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստում որոշում կայացրեց ավելի քան 3 միլիարդ դրամի դոտացիա տրամադրել Երևանի քաղաքապետարանին՝ տրանսպորտի վարձավճարների թերհավաքագրման պատճառով առաջացած բյուջետային ճեղքը փակելու և նոր տրոլեյբուսներ գնելու համար։ Իսկ թերհավաքագրումը կազմել էր 5.5 մլրդ դրամ։

«Երևան քաղաքի բյուջեում առկա է որոշակի թերհավաքագրում, հատկապես՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարման մասով: 2025–ի բյուջեով տրանսպորտի ուղեվարձերի եկամտից ստացված միջոցները նախատեսվել էր 21 մլրդ 303 մլն 814 հազար դրամ, սակայն ընթացիկ տարվա կանխատեսումներով այդ մասով սպասվում է շուրջ 5.5 մլրդ դրամի թերհավաքագրում (04.11.25թ. դրությամբ փաստացի հավաքագրում կազմել է 12,8 մլրդ դրամ)։ Ստացված միջոցների պակասը հանգեցնում է ծախսերի ֆինանսավորման դժվարություններին»,-ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ մինչ տրանսպորտի թանկացման որոշումը հայտարարվում էր, որ վերգետնյա տրանսպորտից օգտվող 600 հազար քաղաքացի կա։ Այդ թիվը 100 դրամով հաշվարկելու դեպքում տարեկան մոտ 21 մրդ դրամ պետք է հավաքագրվեր:

«Այսինքն իրենք գինը բարձրացրեցին՝ նվազագույնը 150 դրամ կամ ավելի թանկ, մարդկանց սկսեցին տուգանել, գումարվեց նաև մետրոն, այդ գումարը պիտի մոտ 34 կամ 35 միլիարդ լիներ, դրա փոխարեն այս մարդկանց մոտ փողը իջավ, դարձավ 15 միլիարդ։ Իմ անձնական կարծիքով՝ ժողովրդի մի մասը նաև բոյկոտում է, իրենք օգտվում են այդ բոյկոտից,  ուտում են՝ ինչ հնարավոր է։ Ստացվում է՝ և՛ ժողովուրդը բոյկոտել է, և՛ այս մարդիկ ապիկար կառավարիչ են, դրան գումարած էլ, կարծում եմ, նորմալ էլ թալանչի են»,- ասաց Մանուկյանը։ 

Ավագանու ընդդիմադիր անդամի խոսքով՝ քաղաքացիներից կողմից բոյկոտը իրապես հասկանալի է իր համար։ 

«Ասում են՝ դուք մեզ արժանապատիվ տրանսպորտ չեք տվել, մտնում եք մեր ջեբը, նենց որ հելեք ռադներդ քաշեք։ Շատ ճիշտ են անում»,- նշեց ավագանու անդամը՝ կարծիք հայտնելով, որ տրանսպորտի վիճակը գնալով էլ ավելի է վատանալու։ 

Մանուկյանի խոսքով՝ միջնաժամկետ ծախսերով ավտոբուսների գնում պլանավորված չի, իսկ Երևանին ևս 500 շարժակազմ է պետք։ 

«Օրական դուրս է գալիս երթուղի մոտ 700-ը։ Դրան գումարած այս վերջին չինական ժոնգ-տոնգը։  Իսկական ժոնգ-տոնգը չեն առել իրենք, վատ որակի ժոնգ-տոնգ են առել շատ, ու վարորդները ամեն օր ինձ զանգում, բողոքում են»,- նշեց Մանուկյանը։

Բացի այդ, ավագանու անդամի խոսքով, գնված ավտոբուսների սխալ շահագործումը կբերի դրանց վաղաժամ մաշվածության և շարքից դուրս կգան։ 

«Կա տարողունակության ծավալ, այսինքն՝ ավտոբուսը ունի կոնկրետ տարողունակություն, մոտավորապես ընդունենք՝ 800 կգ կամ 1000 կգ, մեր ավտոբուսները տանում են 2200 կգ, սիմվոլիկ օրինակներ եմ բերում։ Այսինքն կրկնակի բեռնված են գնում, բացի այդ այն ջարդուխուրդ է լինում ճանապարհների փոսերի վրա, ու շուտ շարքից դուրս են գալու»,- հնարավոր հետևանքները ներկայացրեց Մեսրոպ Մանուկյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժողովրդի մի մասը բոյկոտում է, իրենք էլ օգտվում են դրանից. Մ.Մանուկյանը՝ քաղաքապետարանին 3 մլրդ դրամ հատկացնելու մասին