«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը
Օրվա մամուլ
08:43 04/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2022 թվականին թերի հայտարարագրեր է ներկայացրել։

2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում Աղաջանյանը հայտարարագրել է 2 մոտոցիկլ. 2020 թվականի թողարկման YAMAHA, 2013 թվականի Parvaz GL մակնիշի մոտոցիկլներ, և մեկ՝ NISSAN մակնիշի մարդատար ավտոմեքենա 2013 թվականի թողարկման։ YAMAHA մակնիշի մոտոցիկլը, ըստ հայտարարագրի, պատգամավորը ձեռք է բերել 2021 թվականի մարտին, սակայն նախորդ տարվա հայտարարագրում տրանսպորտային միջոցի ձեռքբերման մասին նշված չէ։

2024 թվականի տարեկան հայտարարագրում պատգամավորը գրել է, որ ունի 3 անշարժ գույք, 2 մոտոցիկլ և 1 ավտոմեքենա։

Աղաջանյանի անշարժ գույքի, եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2013 թվականին «գնման եղանակով» ձեռք է բերել հողամաս Նոյեմբերյանում, ինչպես նաև 2001 թվականին նվիրատվություն է ստացել Երևանի Կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարան, ինչը համատեղ սեփականության իրավունքով է իրեն պատականում։ Էդուարդ Աղաջանյանը հայտարարագրել է ևս մեկ բնակարան Կենտրոն վարչական շրջանում։

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբի համեմատ աճել են՝ դառնալով 2 մլն 299 հազար դրամ, սակայն տարեսկզբին առկա 350 հազար դրամ կանխիկ դրամական միջոցները զրոյացել են։

Աղաջանյանը հաշվետու տարում եկամուտ ստացել է մեկ աղբյուրից, այն է՝ ԱԺ աշխատակազմից ստացված 13 մլն 203 հազար դրամ աշխատանքի վարձատրությունը:

Աղաջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Նրա հետ «համատեղ բնակվող անձ» Վիկտորիա Այդինյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականն է։

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը նախկինում՝ մինչ պատգամավոր դառնալը, եղել է DJ Ed Ward բեմական անունով հայտնի DJ։

2023 թվականի մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

Էդուարդ Աղաջանյանը նաև շոու բիզնեսում հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոյի ամուսինն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder